Մատչելիության հղումներ

Ռուս ազատական հեղափոխության համահեղինակներից մեկը` Բորիս Նեմցովը, խորհուրդ է տալիս հայ ազատական բարեփոխականներին չվհատվել. - «Ռեֆորմիստները, բարեփոխականները ամենուր բախտակից են, նրանք հայտնվում են նույն դժվարությունների առջեւ»: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում Ռուսաստանի Աջ ուժերի միության հիմնադիրներից մեկը խոսում է բարեփոխականների, այդ թվում հայ ազատականների դժվարին ճակատագրի մասին:

«Բարեփոխականները ամենուր անիծված են: Նրանք անիծված են ոչ միայն հետկոմունիստական տարածքում, նրանք անիծված են նաեւ զարգացած երկրներում: Մարգարեթ Թեթչերը, որը շատ հիվանդագին բարեփոխումներ էր անում Մեծ Բրիտանիայում, եղել է ամենաատելի անձնավորություններից մեկը: Նրա նկատմամբ վերաբերմունքը փոխվեց միայն այն բանից հետո, երբ բրիտանացիները տեսան, թե որքան արդյունավետ է զարգանում երկիրը», - ասաց Նեմցովը` շարունակելով. - «Ռուսաստանյան բարեփոխականների պատմությունը շատ ավելի դրամատիկ է: Օրինակ, Ալեքսանդր երկրորդ ցարը ռուս ժողովրդին ազատեց ստրկությունից` վերացնելով ճորտատիրական իրավունքը. միլիոնավոր մարդիկ ստացան հող, ազատություն: Չնայած դրան, վեց անգամ մահափորձ է եղել Ալեքսանդր երկրորդի դեմ եւ ի վերջո սպանել են նրան: Գորբաչովը եւ Ելցինը, որոնք թեեւ իրար չէին սիրում, բայց միասին փորձեցին ազատագրել երկիրը, նույնպես անիծվել են: Նրանք, բարեբախտաբար, չեն սպանվել, բայց իբրեւ քաղաքական գործիչներ ոչնչացվել են»:

Նեմցովի խոսքերով, Հայաստանը այս հարցում բացառություն չէ. այստեղ էլ «բարեփոխականները անիծված են», եւ «այն մարդիկ, ովքեր չնայած դժվարություններին գնում են դրան, արժանի են հարգանքի». - «Կարծում եմ, որ հայ ժողովուրդը ինչ-որ ժամանակ անց, գուցե դա անմիջապես չի լինի, կգիտակցի ազատական տնտեսական վերափոխումների կարեւորությունը: Հայ բարեփոխականները, որոնք ստեղծեցին մասնավոր դասակարգը, որոնք աջակցեցին մասնավոր ձեռներեցությունը, անիծված են, բայց նրանց գործը ապրում է»:

Բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը, ըստ Նեմցովի, կոռուպցիա է. - «Ռուսաստանում փոխվել է կապիտալիզմի տեսակը: 90-ականներին դա օլիգարխիական կապիտալիզմ էր, խոշոր բիզնեսը շատ ուժեղ ազդեցություն ուներ իշխանության վրա, այդ թվում նաեւ` քաղաքական, կադրային եւ տնտեսական որոշումների վրա: Բայց Պուտինի եւ չեկիստների գալով իշխանությունը եւ բյուրոկրատիան սկսեցին ազդել բիզնեսի վրա: Հատուկ ծառայությունների ներկայացուցիչները առանցքային դիրքեր զբաղեցրին խոշոր ընկերություններում»:

Նրա կարծիքով, հարեւան երկրներից շատերը ուղղակի կրկնօրինակում են այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում. - «Պուտինի մոտ հիմա բոլորը թշնամի են, նույնիսկ Լուկաշենկոն է թշնամի: Միակ երկիրը, որի հետ Ռուսաստանը բարեկամական հարաբերություններ ունի, Հայաստանն է: Այդ բարեկամությունը, սակայն, առաջին հերթին բյուրոկրատիայի մակարդակով է, եւ այդ բարեկամությունը, ես կասեի, թութակի կրկնօրինակման բնույթ ունի: Այսինքն` երբ մարդիկ կրկնօրինակում են ոչ թե ամենալավը, այլ ամենավատը»:

«Այն, որ Հայաստանի խորհրդարանում նստած են գործարարները եւ այն, որ առանց վարչական, իշխանական ռեսուրսի շատ դժվար է բիզնեսով զբաղվել Հայաստանում, ինձ մոտ զարմանք չի առաջացնում: Բայց չի կարելի Ռուսաստանից ընդօրինակել վատագույնը: Ես կարծում եմ, որ բյուրոկրատիայի եւ բիզնեսի սերտաճման կոռումպացված մոդելը Հայաստանը տանում է դեպի հետ», - շարունակեց Բորիս Նեմցովը: - «Չէ՞ որ հայերը խելոք են: Ինչո՞ւ հայերը Ռուսաստանից պետք է վերցնեն ամենավատը, այսինքն` բյուրոկրատների եւ չեկիստների սերտաճումը բիզնեսի հետ: Հայաստանը փոքր երկիր է` մեծ պրոբլեմներով, եւ բյուրոկրատական կապիտալիզմի կառուցումը երկիրը տանում է դեպի աղետ»:

Իսկ ի՞նչ խորհուրդ է տալիս ռուս բարեփոխականը իր հայ համախոհներին. - «Նախ եւ առաջ` նրանք չպետք է վհատվեն: Երկրորդ` նրանք չպետք է մանրանան եւ միմյանց հետ հաշիվներ մաքրեն: Լավ է, որ լինի ինչ-որ միացյալ թիմ: Երրորդ, նրանք հասկանալի է, որ պարտվեցին ընտրություններում: Թող հիմա զբաղվեն մանր գործերի քաղաքականությամբ` ասենք փոքր քաղաքների, ավանների մակարդակով: Պետք է առաջադրել ձեռներեցության աջակցության, ցածր հարկերի, բյուրոկրատական վերահսկողության մակարդակի նվազեցման, կոռուպցիայի նվազեցման գաղափարներ: Ահա այսպիսի փոքր նախագծեր պետք է առաջարկել եւ իրականացնել եթե ոչ ողջ երկրի մասշտաբով, ապա գոնե փոքր քաղաքների մակարդակով»:

«Կարծում եմ, որ այսպիսի փոքր դրական օրինակները կարող են ցատկահարթակ դառնալ ապագա հաղթանակների համար», - եզրափակեց Բորիս Նեմցովը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG