Մատչելիության հղումներ

Եվրոպայում սպառազինությունների մասին պայմանագիրը ստորագրած երկրների ներկայացուցիչները հանդիպում են Վիեննայում


Այսօր Վիեննայում հանդիպում են Եվրոպայում սովորական սպառազինությունները սահմանափակող պայմանագիրը ստորագրած երկրների ներկայացուցիչները: Արտահերթ նիստի ընթացքում, որը անցկացվում է Ռուսաստանի նախաձեռնությամբ եւ տեւելու է 4 օր, նախատեսվում է քննարկել պայմանագրի շրջանակներում ստեղծված իրավիճակը:

Այս հարցը սրվեց վերջերս, երբ Միացյալ Նահանգները հայտարարեց Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու, ինչպես նաեւ Ռումինիայում եւ Բուլղարիայում ռազմակայաններ ունենալու մտադրության մասին:

Ռուսաստանը հայտարարեց, որ քանզի ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն վավերացնում Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը, Ռուսաստանը դուրս կգա պայմանագրից:

Պայմանագրի նորացված տարբերակը ընդունվել է 1999 թվականին Ստամբուլում կայացած ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում: Այդ ժամանակ Ռուսաստանի հետ համաձայնություն էր ձեռք բերվել, որ ռուսական ռազմական ուժերը դուրս կգան Վրաստանից ու Մոլդովայից, եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, չվավերացնելով պայմանագիրը, պնդում են, որ Ռուսաստանը կատարի պայմանավորվածությունը:

Քանի դեռ նորացված պայմանագիրը չի վավերացվել, ուժի մեջ է մնում հին` 1990 թվականի տարբերակը:

Այս պայմանագրի հետ կապված` Հայաստանի համար կարեւորը այն է, որ պայմանագիրը տվյալ երկրների համար սպառազինությունների քվոտաներ է սահմանում. Հարավային Կովկասի երկրների համար սահմանված են հավասար քվոտաներ:

Հայաստանը պայմանագիրը ստորագրել է, սակայն չի վավերացրել:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG