Մատչելիության հղումներ

Վերջին տասնամյակում ռազմական ծախսերը աշխարհում աճել են 37 տոկոսով


Աշխարհի երկրներում ռազմական ծախսերը վերջին 10 տարիների ընթացքում 37 տոկոսով աճել են եւ հասել 1,2 տրիլիոն դոլարի: Այդ են վկայում Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի ուսումնասիրությունները: Ընդ որում, ընդամենը մեկ տարվա կտրվածքով` 2006 թվականին` 2005-ի համեմատ, ռազմական նպատակներով ծախսերը ավելացել են 3,5 տոկոսով:

Համաձայն ինստիտուտի տվյալների, 1997 թվականից մինչեւ 2006 թվականը Հայաստանի ռազմական ծախսերը աճել են 53,2 տոկոսով` 86,8 միլիոն դոլարից հասնելով 156 միլիոնի, իսկ 2006 թվականին 2005-ի համեմատ` 17,3 տոկոսով. 2005 թվականին դրանք կազմել էին 133 միլիոն դոլար:

Վերջին տարիներին ռազմական նպատակներով առավել մեծ գումարներ ծախսող 15 երկրների շարքում առաջատարը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է. անցյալ տարի այդ երկրի ռազմական ծախսերը կազմել են համաշխարհային ընդհանուր ռազմական ծախսերի 46 տոկոսը` 528,7 միլիարդ դոլար: Միացյալ Նահանգներին հաջորդում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը եւ Ճապոնիան, որոնցից յուրաքանչյուրին բաժին է ընկնում համաշխարհային ռազմական ծախսերի 4-5 տոկոսը: Առաջին 15 երկրներին բաժին է ընկնում ռազմական ընդհանուր ծախսերի 83 տոկոսը:

Տարածաշրջանը, որտեղ 2006 թվականին ռազմական ծախսերը համեմատական կարգով ամենաշատն են աճել, Արեւելյան Եվրոպան է` 12 տոկոս: Արեւմտյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ամերիկայում նկատվել է ռազմական ծախսերի նվազում:

Տասնամյա կտրվածքով ամենամեծ աճն արձանագրած տարածաշրջանը Կենտրոնական Ասիան է` 73 տոկոս:

2006 թվականին 2005-ի համեմատ ռազմական ծախսերի ամենամեծ աճն արձանագրած երկու երկրները Ադրբեջանը եւ Բելառուսն են` համապատասխանաբար 82 եւ 56 տոկոս:

Ռուսաստանի ռազմական ծախսերը 2006 թվականին աճել են 12 տոկոսով, իսկ 2005-ին դրանք աճել էին 19 տոկոսով:

1998 թվականից ի վեր Ռուսաստանի ռազմական ծախսերը անշեղորեն աճում են. այդ ժամանակահատվածում դրանց ընդհանուր աճը կազմել է 155 տոկոս:

Աշխարհի 100 խոշորագույն զենք արտադրող ձեռնարկությունների վաճառքը 2005 թվականին (2006-ի տվյալները առայժմ հայտնի չեն) աճել է 3 տոկոսով եւ կազմել 290 միլիարդ դոլար, ինչին նպաստել է գլխավորապես Միացյալ Նահանգները:

Ամերիկյան եւ արեւմտաեվրոպական զենք արտադրող ընկերությունները գերակշռում են առաջին 100 ընկերությունների ցանկում. դրանց բաժին է ընկնում 2005 թվականի զենքի վաճառքի 92 տոկոսը: Ընդ որում, 40 ամերիկյան ընկերություններին բաժին է ընկնում զենքի վաճառքի 63 տոկոսը, 32 արեւմտաեվրոպական ընկերություններին` 29 տոկոսը, 9 ռուսաստանյան ընկերություններին` 2 տոկոսը: Մնացած 6 տոկոսը բաժին է ընկնում, հիմնականում, Ճապոնիայում, Իսրայելում եւ Հնդկաստանում գործող ընկերություններին:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG