Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Ժամանակ շահել եւ լռել», - «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի համոզմամբ` սա Հայաստանի իշխանությունների համար Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման լավագույն ձեւն է», - գրում է «Առավոտ»-ը:

«168 ժամ»-ը գրում է. - «Հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում արձանագրվել է Հայաստանի հերթական դիվանագիտական հաղթանակը. Քոչարյան - Ալիեւ հանդիպումից հետո, ինչպես տեղեկացնում են հայկական հույժ ազատ, բայց մի քիչ պատասխանատու լրատվամիջոցները, Ռոբերտ Քոչարյանի ժպիտը ավելի լայն է եղել, քան Իլհամ Ալիեւինը: Ավելին, ըստ որոշ գնահատականների, Ալիեւը հանդիպումից հետո ընդհանրապես հայտնվել է խորը ընկճախտի մեջ: Իսկ այդքան երկար սպասված հանդիպումը, բնականաբար, որեւէ արդյունք չի տվել, եւ կարելի է արձանագրել, որ Քոչարյանին ու Ալիեւին հաջողվել է հերթական անգամ «ֆռռացնել» միջազգային հանրությանը, կամ առնվազն ԵԱՀԿ-ի Մինկսի խմբի համանախագահներին, որոնց վերջին այցելություններից հետո Հայաստանը ուղղակի դարձել էր տարածաշրջանի «լավատեսության կղզյանը»:

«Հունիսի 20-ին Սահմանադրական դատարանը պիտի քններ թիվ 33 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանի դիմումը, իսկ 16-ին՝ թիվ 11 ընտրատարածքի թեկնածու Հեղինե Բիշարյանի դիմումը», - շարադրում է «Առավոտ»-ը: - «Սակայն համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների բողոքարկման վերաբերյալ ՍԴ հունիսի 10-ի որոշումից հետո ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն «Առավոտին» ասաց. «Սա բացահայտ քաղաքական եւ ոչ սահմանադրական գործընթաց էր: Կարող ենք կանխատեսել, որ նմանատիպ իրավիճակ է ստեղծվելու նաեւ մեծամասնականի դեպքում: Այսինքն՝ կրկնվելու է նույն ֆարսը: Այդ պատճառով էլ մենք այլեւս նպատակահարմար չենք գտնում մասնակցել նախապես կանխատեսելի արդյունքներով դատավարությանը եւ հետ ենք վերցնում մեր դիմումները»:

«Տարեգիր»-ն այսօր կանխատեսում է, որ ընդդիմությունը միասնական թեկնածու նախագահական ընտրություններում չի ունենա. - «Հայտ ներկայացնողների մեջ արդեն միանգամայն որոշակիացել են Արամ Կարապետյանն ու Վազգեն Մանուկյանը: Արդեն զգացվում է, որ վերջիններս միայն ու միայն իրենց են պատկերացնում ընդդիմության միասնական թեկնածուի դերում: Պարզից էլ պարզ է, որ այդ դերում իրենցից բացի ուրիշ մեկին չեն կարող պատկերացնել, օրինակ, օրինաց Արթուր Բաղդասարյանը, անխոնջ Հայրիկյանը, նույնիսկ Դեմիրճյանը, անտարակույս` Գեղամյանը եւ անգամ անշեղ մարքսիստը եւ վերջերս կենտրոնախույս դարձած Տիգրան Կարապետովիչը»:

Իսկ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ընդհակառակը, լավատես է: «Հայք» թերթին նա ասել է. - «Նախ ասեմ, որ մի շարք ընդդիմադիր կուսակցությունների լիդերներ էլ չեն խոսել իրենց առաջադրման մասին, ու որեւէ մեկը այդ մասին չի ասում: Ես կարող եմ ասել ավելին` իրենց թեկնածության առաջադրման մասին խոսող լիդերների մի մասը պատրաստ է ընդդիմության միասնական թեկնածուի դեպքում քննարկել իրենց մասնակցության նպատակահարմարությունը: Այնպես չէ, որ եթե հայտարարել են առաջադրման մասին, ուրեմն էլ ետ չեն կանգնի իրենց քայլից: Ես կարծում եմ, որ ընդդիմադիր բոլոր գործընկերների հետ էլ կարելի է ընդհանուր հայտարարի գալ ու ճիշտ ընտրություն կատարել»:

«Ազգ»-ը նկարագրում է, թե ինչ է կատարվում շուկայում. - «Բանջարեղենի եւ մրգերի աստղաբաշխական գներն էլ անգամ թույլ չեն տալիս մոտենալ դրանց: Մեկ կիլոգրամ լոլիկի գինը այս օրերին 1200-1500 դրամից իբր էժանացել եւ դարձել է 6-7 հարյուր դրամ: Բավական բարձր են կարտոֆիլի, սմբուկի եւ մյուս բանջարեղենների գները: Այս գների պարագայում ամենասովորական բորշչն անգամ շատերի համար կարող է անհասանելի լինել: Կաղամբի գները սկսվում են 200-250 դրամից, նույնքան էլ արժե բազուկը, իսկ գազարի 1 կգ-ն արժե 5-6 հարյուր դրամ: Արդեն ինքներդ կարող եք հաշվել, թե ինչ կարժենա բորշչը, այն էլ առանց թթվասերի»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG