Մատչելիության հղումներ

Նոր կառավարության գործունեության ծրագրին հավանության հարցն Ազգային Ժողովում կքննարկվի, ամենայն հավանականությամբ, հունիսի վերջին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասաց խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը:

Ամռան ընթացքում արտահերթ նիստ կամ նստաշրջան հրավիրելուն առնչվող հարցին Ազգային ժողովի նախագահը արձագանքեց. - «Ազգային Ժողովի կողմից նման նախաձեռնություն չի լինի»:

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային Ժողովի նոր պատվիրակությունը դեռեւս չի ձեւավորվել: Ամեն դեպքում, Տիգրան Թորոսյանը (նախկինում այդ պատվիրակության ղեկավարը) որոշել է պատվիրակության կազմում չընդգրկվել:

Խորհրդարանում մշտական հանձնաժողովների ձեւավորումը վաղը կավարտվի: Տիգրան Թորոսյանի գնահատմամբ, անկախ Հայաստանի խորհրդարանի պատմության համար տասնվեց տարին քիչ ժամանակ չէ՝ նոր որակներ որդեգրելու համար, դա են արդեն պահանջում նաեւ սահմանադրության փոփոխությունները, եւ ամառվա ընթացքում նոր մոտեցումներ կմշակվեն, որոնք սեպտեմբերի սկզբին կներկայացվեն հասարակությանը. - «Հանձնաժողովների նախագահները նույնպես նախորդ երկու գումարման խորհրդարանների համեմատ այսօր ավելի լավ թիմ են ձեւավորել, այնպես որ, բոլոր նախադրյալները կան, որ չորրորդ գումարման Ազգային Ժողովը նոր որակներ ունենա»:

Տիգրան Թորոսյանը չհերքեց, որ խորհրդարանի աշխատակազմում փոփոխություններ են լինելու:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG