Մատչելիության հղումներ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը երեկ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ասել է, որ Կոսովոյի ապագա կարգավիճակի շուրջ բանակցություններում անպայման պետք է դրվի «Կոսովոյին որոշակի անկախություն ապահովելու նպատակ»:

«Ես պարզորոշ ընդգծել եմ երկու հանգամանք. առաջին` հարկ է տեղից շարժել բանակցությունները, երկրորդ` դրանց արդյունքը պետք է լինի անկախությունը», - հայտարարել է Բուշը` հավելելով. - «Ես չեմ ընդունում անվերջանալի երկխոսությունը մի խնդրի շուրջ, որի վերաբերյալ մենք արդեն որոշակի եզրակացության ենք հանգել»:

Ռուսաստանը մերժում է Կոսովոյի անկախության գաղափարը: Ջորջ Բուշի խոսքերով, այժմ փորձ է արվում համոզել ռուսներին՝ վերանայել այդ հարցում Կրեմլի կոշտ ընդդիմությունը:

«Ժամանակը եկել է, պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը ջանքեր է գործադրելու համաձայնության հասնելու համար, եթե ոչ՝ կգա գործելու պահը, որովհետեւ անկախությունն է նպատակը, Կոսովոյի ժողովուրդը դա պետք է իմանա», - Տիրանայում ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Որոշ մեկնաբաններ չեն բացառում, որ եթե Ռուսաստանը շարունակի առարկել, արեւմտյան մի քանի երկրներ կարող են պարզապես միակողմանիորեն ճանաչել Կոսովոյի անկախությունը, սակայն այդ դեպքում հնարավոր է «շղթայական ռեակցիա»՝ անջատողական տարածքների անկախության ճանաչում եւ նոր առճակատում Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG