Մատչելիության հղումներ

Խաչիկ Մանուկյան. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացված դիմումի հեղինակը ես եմ»


Հանրապետական, թիվ 15 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով հաղթած թեկնածու, գործարար Խաչիկ Մանուկյանը շաբաթ օրը Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացված` մանդատից հրաժարվելու մասին դիմումի հեղինակը ինքն է, եւ իրեն ոչ ոք չի ստիպել գնալ այդ քայլին:

«Քանի որ շրջանառվում են լուրեր, թե տեղի են ունեցել խախտումներ, ճնշումներ եւ այլն, այդ ամենին վերջ տալու համար ես ինքս որոշում եմ կայացրել, որպեսզի նոր ընտրություններ տեղի ունենան», - ասաց Մանուկյանը:

Հանրապետական գործիչը նշեց, որ հրաժարվել է թե’ մեծամասնական եւ թե համամասնական մանդատից, եւ, ըստ նրա, դա է պատճառը, որ երբ իրեն «Ազատություն» ռադիոկայանից զանգահարել եւ հարցրել են, թե ինչո՞ւ է հրաժարվում մանդատից` լինելով հաղթող թեկնածու, ինքը շփոթվել է ու ասել, թե տեղյակ չէ` ինչի մասին է խոսքը. - «Ես ասել եմ` «տեղյակ չեմ», որովհետեւ մինչեւ այդ ժամանակ դիմումս գրված չէր համամասնականի համար: Ես համամասնականի համար դիմումը գրել եմ դրանից անմիջապես հետո` երեկոյան եմ գրել համամասնական ցուցակից դուրս գալու համար»:

Թիվ 15 ընտրատարածքում (Արագածոտնի մարզ) մոտ 38 հազար ընտրող է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, եւ Խաչիկ Մանուկյանի մրցակից` Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը պարտվել է ընդամենը 160 ձայնի տարբերությամբ: Մնացականյանի կողմնակիցները մայիսի լույս 17-ի գիշերը, իսկ հետո նաեւ` հաջորդ ամբողջ օրվա ընթացքում, բազմամարդ հանրահավաքներ էին անցկացնում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի շենքի մոտ` պահանջելով վերահաշվարկել որոշ ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները: Ի վերջո, Մնացականյանը ետ վերցրեց իր բողոքը:

Խաչիկ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք իր քայլը ավելի համոզիչ չէ՞ր լինի, եթե ժամանակին վերաքվեարկության կոչ աներ, այսպես արձագանքեց. - «Բողոքներ կային, չէ՞: Ինքը [Մնացականյանը] իրավունք ուներ դատարան տալու, ուներ Սահմանադրական դատարան տալու խնդիրներ: Եթե ինքը դատարան է ուզում գնալ` ես կանխե՞մ իր դատարան մտնելու ցանկությունը, ես կանխե՞մ իր Սահմանադրական դատարան մտնելու ցանկությունը»:

Մանուկյանը տեղեկացրեց, որ մասնակցելու է նաեւ հաջորդ ընտրություններին, եւ ցանկանում է, որ այս անգամ իր հաղթանակը կասկածի տեղիք չտա, ուստի խախտումների առումով աչալուրջ է լինելու. - «Ես ուզում եմ, որպեսզի թիվ 15 ընտրատարածքում նոր ընտրություններում իրոք լինի հաղթող թեկնածու` լուրջ հաղթող թեկնածու, որպեսզի այդ ժողովուրդը կարողանա այդ մարդու հետ աշխատել»:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, թիվ 15 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի նոր ընտրությունների օր դեռեւս նշանակված չէ:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG