Մատչելիության հղումներ

Հայաստանում ձեռնպահ են մնում Գաբալայի վերաբերյալ նախաձեռնության մեկնաբանություններից


Ադրբեջանում Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի` ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից համատեղ օգտագործման նախաձեռնությանը «ճիշտ կլինի արձագանքել, երբ Միացյալ Նահանգները պաշտոնապես կհայտնի իր դիրքորոշումը»: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը:

«Մենք հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը: Այս պահին շուտ է հանդես գալ որեւէ մեկնաբանությամբ, սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը», - ուրբաթ օրը ասաց Վլադիմիր Կարապետյանը` պարզաբանելով. - «Մինչ օրս որեւէ զարգացում չկա` բացի Պուտինի երեկ հնչեցրած նախաձեռնությունից, եւ միայն երկրորդ կողմի համաձայնությունը կնշանակի, որ հետեւելու են որոշակի գործողություններ: Միայն գործողություններին մենք կցանկանայինք համապատասխան արձագանք տալ»:

Արտգործնախարարության ներկայացուցչի կարծիքով, «թե’ Ռուսաստանը եւ թե’ Միացյալ Նահանգները նման որոշում կայացնելիս անպայման հաշվի կառնեն տարածաշրջանում ստեղծված ուժերի բալանսը»:

Նորընտիր Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը նույն հարցի առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե Գաբալայի ռազմակայանը «ավելի մեծ տարածաշրջան ընդգրկող, ավելի մեծ շառավիղ վերցնող կայան է, եւ մեծ չէ նրա դերակատարությունը մեր տարածաշրջանում ռազմական գործողություններ վարելու ժամանակ»: Հետեւաբար, նրա կարծիքով, «դա չի կարող իր ազդեցությունը թողնել` տակտիկական առումով»:

«Ստրատեգիական առումով` իհարկե, տարածաշրջանը դառնում է ընդհանուր հետաքրքությունների վայր` ե’ւ ԱՄՆ-ը ունի իր հետաքրքրությունները Կասպյան տարածաշրջանում հսկողություն սահմանելու համար, ե’ւ մենք ունենք ընդհանուր հրամանատարական կետ` Հայաստան - Ռուսաստան, Հայաստան - ՀԱՊ (Հավաքական անվտանգության պայմանագիր) շրջանակներում», - ընդգծեց խորհրդարանական հանձնաժողովի նախագահը` հավելելով. - «Այդ առումով, իհարկե, կհետաքրքրի մեզ բոլորիս, թե ի՞նչ ձեւաչափով է լինելու այդ համագործակցությունը, ո՞ր կարգի օբյեկտների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար պետք է համատեղ շահագործվի եւ ինչպիսի՞ մարտահրավերներ են ֆիքսելու երկու երկրները, ինչպես նաեւ Ադրբեջանը, քանի որ տեղակայված է իր երկրում, եւ ի՞նչ առաքելություն է իրականացնելու Գաբալան»:

Պաշտպանության նախկին փոխնախարարի համոզմամբ, այդ հարցը «պետք է հետաքրքրի տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի, մասնավորապես` Հայաստանին, որովհետեւ, ի վերջո, առկա են չկարգավորված կոնֆլիկտ, ռազմական գործողություններ տարածաշրջանում»:


Կարինե Քալանթարյան եւ Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG