Մատչելիության հղումներ

«Ոսկե ծիրան» 4-րդ միջազգային կինոփառատոն


«Փառատոնի խնդիրը ոչ թե նոր ֆիլմեր հայտնաբերելն է, այլ արդեն ճանաչված, եվրոպական միջազգային փառատոններին մասնակցած, մրցանակակիր ֆիլմերը երեւանյան հանդիսատեսին մատուցելը», - նշում է փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը:

«Ոսկե ծիրան» 4-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կբացի Պաոլո եւ Վիտտորիո Տավիանիների «Արտույտների ագարակը» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել այս տարվա Բեռլինալեում: Երեւանյան պրեմիերայի առիթով մայրաքաղաք կժամանեն ֆիլմի սցենարի հեղինակ, իտալահայ արձակագիր Անտոնիա Արսլանը, դերակատարներից Արսինե Խանջյանն ու ֆրանսիացի դերասան, սեզարակիր Չեքի Կարիոն:

Այս տարի եւս կինոփառատոնի մրցութային ծրագրերը երկուսն են. միջազգային` խաղարկային եւ վավերագրական կինոյի մրցույթ եւ ազգային` «Հայկական համայնապատկեր» ծրագիր:

«Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի ֆիլմերն այս տարի ընտրել են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամները` Ռուբեն Գեւորգյանցի գլխավորած հանձնաժողովի կազմում: Ներկայացված 62 հայտերից ընտրվել է 22-ը: Մրցութային ծրագրում ներառված ֆիլմերը գնահատելու է կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի գլխավորած ժյուրին, որի կազմում ընդգրկված են կինոգործիչներ ոչ միայն Հայաստանից, այլեւ Սփյուռքից:

«Հայկական համայնապատկեր» մրցույթում այս տարի սահմանվել է 1 գլխավոր` «Ոսկե ծիրան» մրցանակ` լավագույն հայկական ֆիլմի համար եւ 2 «Արծաթե ծիրան»` հատուկ մրցանակներ:

Այս տարվա նորույթներից է նաեւ «Նոր հայկական կինո» ծրագիրը: Ծրագրում ներկայացված է 5 ֆիլմ` Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին», Հովիկ Գալստյանի «Խճողված զուգահեռներ», Գագիկ Հարությունյանի «Խնկարկում», Արտակ Սեւադայի «Որպես սկիզբ» եւ Արամ Շահբազյանի «Մի վախեցիր» ֆիլմերը:

Փառատոնի տնօրենը չցանկացավ հրապարակել «Ոսկե ծիրան-2007»-ի բյուջեի չափը, քանի որ նրա խոսքով` «շատերը չեն հավատում, որ այդքան փոքր բյուջեով կարելի է նման մեծ փառատոն կազմակերպել»:

Պետբյուջեից փառատոնին այս տարի տրամադրվել է 50 մլն դրամ, փառատոնի գլխավոր հովանավորի ֆինանսական ներդրման չափը գերազանցել է պետական ֆինանսավորումը:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG