Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Դավիթ Հարությունյանի փոխարեն արդարադատության նախարար է նշանակվելու Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը. - «Այս մասին որոշումը, ըստ էության, կայացված է»: «Եթե նախարարի պաշտոնում Դանիելյանն է նշանակվելու, սա ոչ այլ ինչ է, քան Հարությունյանի անձնական պարտություն», - գրում է թերթը: - «Խնդիրը միայն այն չէ, որ այս պարագայում նախարարությունը Հարությունյանի վերահսկողությունից դուրս է գտնվելու: Կա նաեւ այլ պրոբլեմ. եթե հիշում եք, ՀՀ գլխավոր դատախազությունն ու արդարադատության նախարարությունը երկար տարիներ կոնֆլիկտներ էին ունենում: Ու հիմա, փաստորեն, դատախազությունը գրավում է հարեւան շենքը` արդարադատության նախարարությունը»:

Մեջբերելով երեկ խորհրդարանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի բառերն այն մասին, որ «խորհրդարանի լեգիտիմության հարցն անթերի է»` «Ժամանակ - Երեւան» թերթը մեկնաբանում է. - «Այսինքն` Ռոբերտ Քոչարյանը երեկ կարդաց Սահմանադրական դատարանի վճիռը. «լեգիտիմության հարցը անթերի է»: Սա նույնիսկ չի էլ կարելի համարել ցուցում կամ հրահանգ Սահմանադրական դատարանի անդամներին, քանի որ եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկություն ունենար ցուցում տալ Սահմանադրական դատարանի անդամներին, ապա դրա համար կան բազմաթիվ այլ եւ ոչ հրապարակային միջոցներ: Օրինակ` Արմեն Գեւորգյանը կարող էր իր մոտ կանչել Սահմանադրական դատարանի անդամներին եւ նրանց հանձնել Սահմանադրական դատարանի որոշման տեքստը` հրահանգելով, որ այն ընթերցեն նշված օրը եւ նշված ժամին: Ռոբերտ Քոչարյանը ուղղակի ցույց տվեց, որ Հայաստանում գոյություն չունի Սահմանադրական դատարան, եւ խորհրդարանական ընտրությունների լեգիտիմության հարցը որոշում են ոչ թե ՍԴ-ի շենքում ձեւականորեն նստած ու նիստ անող մարդիկ, այլ միայն ինքը եւ միանձնյա»:

«Առավոտ»-ը գրում է. - «Չորրորդ գումարման Ազգային ժողովը կարելի է գնահատել որպես ազգակցական կապերով կապվածների խորհրդարան: Երեկ խորհրդարան էին եկել երեք Աբրահամյան եղբայրները (Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրություն), երկու Գրիգորյան եղբայրները («Ավշարի» գինու գործարանի եղբայրություն), հայր եւ որդի՝ ալուստ եւ Արման Սահակյանները, մեկի աներորդին եւ մյուսի քեռին՝ Աշոտ Աղաբաբյանը, «Գրանդ-տոբակո»-ի տնօրեն Հրանտ Վարդանյանի երկու որդիները՝ Կարեն եւ Միքայել Վարդանյանները։ Քիչ չեն նաեւ խնամիաբաջանաղական կապերով կապվածները, եւ ինչպես կատակեց նրանցից մեկը. «Ստացվում է, որ բոլորս այստեղ իրար բաջանաղ ենք»:

«Հայք»-ը նկարագրում է, թե ինչպես էր երեկ իրեն պահում գեներալ Սեյրան Սարոյանը, որը պատգամավոր է ընտրվել. - «Նրա նյարդերը երեկ տեղի տվեցին եւ Ազգային ժողովի առաջին իսկ նիստի օրը հասցրեց մի լավ զայրանալ լրագրողների վրա: Լրագրողները մոտենում էին նրան, հարցազրույց խնդրում: Բայց երբ գեներալի համար տհաճ հարցեր էին հնչում, նա զայրանում ու իր մոտից փորձում էր հեռացնել լրագրողներին: «Ով իմ մասին մի վատ բան գրի... մմզ-պպզ...», - Ազգային ժողովի միջանցքում ի լուր ամենքի հայտարարեց նա: Գեներալ Սարոյանը, հիշելով իր բանակային կյանքը, նաեւ լրագրողներին խոստացավ. «Էստեղ մի հատ գուբախտ եմ սարքելու, ով լավ չպահեց իրեն, գուբախտ եմ գցելու»:

«Ճիշտ է ասում Արկադի Ղուկասյանը: Եթե բանակցությունների սեղանի շուրջ Ղարաբաղի հարցն է որոշվելու, ուրեմն Ղարաբաղն անպայման պիտի մասնակցի բանակցություններին», - գրում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Տեսնես ո՞վ է այն սրիկան, որը ժամանակին թույլ է տվել, որ Ղարաբաղը դուրս մղվի բանակցային գործընթացից... Բայց սպասեք: Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս մղելու գաղափարի ամենաջերմ պաշտպանը ոնց որ թե Ռոբերտ Քոչարյանն է եղել: Հենց նա էր, որ «Հայաստանը պատրաստ է ընդունել կարգավորման ցանկացած տարբերակ, որը ընդունելի կլինի Ղարաբաղի համար» բանաձեւը փոխարինեց «ես որ ասում եմ ես` ուրեմն Արուսն էլ հետս ա» բանաձեւով: Ընդ որում, բանակցային գործընթացից Ղարաբաղի դուրս մղվելը Հայաստանի իշխանությունները երկար ժամանակ ներկայացնում էին որպես մեծագույն դիվանագիտական հաջողություն: Ուստի հարց է ծագում` հիմա ո՞ւմ վրա է մուննաթ գալիս Արկադի Ղուկասյանը: Թող այն ժամանակ բողոքեր, երբ Ղարաբաղն այդ գործընթացից դուրս էր մղվում»:

«Տարեգիր» թերթում ԱԺՄ-ի նախագահ Վազգեն Մանուկյանը այսպես է արտահայտվում Ղարաբաղի նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուներից մեկի` Բակո Սահակյանի մասին. - «Բակո Սահակյանի դեպքում ինքը փաստորեն դրսի քաղաքացի է: Բացի այդ, անվտանգության ծառայության (դրսի աշխարհի համար դա ԿԳԲ-ն) շեֆը, երբ դառնում է ղեկավար, դա պետության համար շատ բացասական իմիջ է տալիս ամբողջ աշխարհում: Ղարաբաղում ես ինքս ճանաչում եմ շատ պարկեշտ, շատ ազնիվ, հայրենասեր, մաքուր մարդկանց, ընդ որում ոչ թե միայն գյուղացիների, այլ նաեւ նոմենկլատուրայի մեջ: Կան նորմալ մարդիկ: Ինչո՞ւ էր պետք անպայման իրեն նշանակելը: Չնայած հասկանում եմ. նա կենթարկվի Սերժ Սարգսյանին, Հայաստանի իշխանությանը. ինչ որ ասեն` կանի: Բայց դա՞ է կարեւորը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG