Մատչելիության հղումներ

Համանախագահները չեն կարծում, թե սանկտպետերբուրգյան հանդիպումը կարող է «շրջադարձային» լինել


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները հինգշաբթի օրը Երեւանում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո Միացյալ Նահանգների դեսպանատանը հրավիրված ասուլիսում ներկայացրեցին երեւանյան հանդիպումների մասին որոշ մանրամասներ, պատասխանեցին լրագրողների հարցերին:

Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի խոսքով, նախագահ Քոչարյանի եւ արտգործնախարար Օսկանյանի հետ «անկեղծ, բաց եւ կառուցողական» զրույցներ են ունեցել, մասնավորապես` «խոսել են լավատեսության եւ հոռետեսության մասին»:

Համանախագահները զգուշավոր լավատես էին: Մեթյու Բրայզան առաջինն անդրադարձավ իրենց լավատեսական հայտարարություններին` ասելով. - «Ես չեմ ակնկալում, որ շաբաթ օրը Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումը շրջադարձային կարող է լինել»:

Մեթյու Բրայզայի խոսքով, բանակցային «ակտիվ եւ լուրջ քննարկումներ են տեղի ունենում»:

Կողմերի միջեւ տարաձայնություններ, ըստ ամերիկացի համանախագահի, իհարկե, կան, բայց «դրանց շրջանակը նեղանում է». - «Այդուամենայնիվ դեռեւս լրջագույն եւ մեծածավալ աշխատանք պետք է կատարել»:

Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի փոխանցմամբ` ե'ւ Բաքվում, ե'ւ Երեւանում որոշակիացվել է հարցերի մի խումբ, որոնք լուծելու դեպքում առաջընթաց կգրանցվի. - «Իսկ նման առաջընթացի համար օբյեկտիվ նախադրյալներ կան»:

«Բանակցությունների սեղանին են դրված մեր առաջարկները. դրանք հավասարակշռված են եւ, կարծում ենք, այդ առաջարկությունների հիմքի վրա էլ հնարավոր է ինչ-որ դրական բան անել: Մնացածը երկու երկրների նախագահների որոշելու հարցն է. նրանք պետք է գնահատեն ներկայացված առաջարկություններն ու համաձայնության գան», - ասաց Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG