Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ը ամեն դեպքում վերցնելու է պատգամավորական մանդատները


Հայաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիր» ընդդիմադիր կուսակցությունը, անկախ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող հայցերի վերաբերյալ` Սահմանադրական դատարանի վճռից, կվերցնի պատգամավորական մանդատները:

«Օրինաց երկիր»-ը, ինչպես նաու Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը հրաժարվել էին ստանալ պատգամավորական մանդատները եւ մասնակցել նորընտիր խորհրդարանի` այսօր կայացած անդրանիկ նիստին` փաստարկելով, որ ընտրությունների արդյունքները դեւռեւս վիճարկվում են Սահմանադրական դատարանում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ «Ժառանգություն»-ը իր հետագա քայլերը կորոշի հունիսի 10-ից հետո. - «Մինչեւ հունիսի 10-ը Սահմանադրական դատարանը պարտավոր է տալ իր վերջնական վճիռը»:

«Եթե Սահմանադրական դատարանը վճռի, որ [ընտրությունների արդյունքները] անվավեր ճանաչելու հիմքերը բավարար չեն, «Ժառանգություն»-ը, իհարկե, կվերցնի մանդատները եւ կմասնակցի նախաձեռնող, ակտիվ ձեւով, մեր խոստման համաձայն, Ազգային ժողովի աշխատանքներին», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` հնարավոր բոյկոտին վերաբերող հարցին էլ արձագանքելով. - «Մենք մասնակցելու ենք արշալույսից մինչեւ մայրամուտ»:

Սահմանադրական դատարանի որոշմանն է սպասում նաեւ «Օրինաց երկիր»-ը: Այդուհանդերձ, անկախ Սահմանադրական դատարանի որոշումից, կուսակցությունը վերցնելու է մանդատները:

«Ժողովուրդը վստահել է մեզ: Այդ վստահության քվեն ամփոփված է մանդատում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: - «Ո՞նց կարող ենք չվերցնել»:

Իսկ Ազգային ժողովի նիստերին մասնակցել-չմասնակցելու հարցը, Մարգարյանի փոխանցմամբ, «Օրինաց երկիր»-ը կքննարկի Սահմանադրական դատարանի որոշումից հետո:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG