Մատչելիության հղումներ

Այսօր աշխատանքն սկսեց Հայաստանի նորընտիր խորհրդարանը: Առաջին նիստի գումարման պահից ուժը կորցրեցին երրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատները եւ ուժի մեջ մտան չորրորդ գումարման Ազգային ժողովինը:

Նիստը վարում է տարիքով ամենաավագ պատգամավորը` Ռաֆիկ Պետրոսյանը:

Ողջույնի ելույթներ ունեցան երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը: Վեհափառը նաեւ օրհնեց նորընտիր խորհրդարանը եւ աղոթք ասաց:

Պատգամավորների երդման արարողությունից հետո սկսվեցին ընտրությունները խորհրդարանական պաշտոններում:

Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն նախորդ խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանն է: Թեկնածությունն առաջադրեց Հանրապետական կուսակցությունը:

Հանրապետության նախագահը այսօր կընդունի գործող կառավարության հրաժարականը, ինչից հետո 10 օրվա ընթացքում պետք է վարչապետ նշանակի, դրանից հետո 20 օրվա ընթացքում ձեւավորվելու է նոր կառավարությունը, ապա՝ 20 օրվա ընթացքում կառավարությունն իր ծրագիրը պետք է ներկայացնի խորհրդարանի հավանությանը:

Ազգային Ժողովի նախագահը, իսկ եթե նա դեռ չի ընտրվել՝ նիստը վարողը, պետք է այս նստաշրջանում հայտարարի կառավարության ծրագրի հարցի քննարկման օրը:

Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ կոալիցիոն, եւ կոալիցիայի ու Դաշնակցության միջեւ` համագործակցության համաձայնագրերով երկրի նախագահին է վերապահվել արտաքին գործերի, արդարադատության, պաշտպանության նախարարների պաշտոններում առաջադրելու եւ հետ կանչելու իրավունքը, Դաշնակցությանը՝ գյուղատնտեսության, կրթության եւ գիտության, «Բարգավաճ Հայաստան»-ին՝ առողջապահության, քաղաքաշինության, երիտասարդության եւ սպորտի. այսպիսով, մշակույթի նախարարությունը տարանջատվում է երիտասարդության եւ սպորտի հարցերով զբաղվող գերատեսչությունից:

Մշակույթի նախարարի, ինչպես նաեւ մնացած բոլոր մյուս նախարարների պաշտոններում առաջադրելու եւ հետ կանչելու իրավունքը վերապահված է Հանրապետականին, սակայն, ինչպես քանիցս շեշտել է նաեւ կուսակցության ղեկավար, վարչապետ Սերժ Սարգսյանը, դա չի նշանակում, թե այդ բոլոր պաշտոններում իրենք առաջադրելու են հանրապետականների:


Աստղիկ Բեդեւյան եւ Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG