Մատչելիության հղումներ

Նոր կոալիցիայի հետ Դաշնակցության ստորագրած համաձայնագիրը կգործի մինչեւ նախագահական ընտրությունները


Հայ հեղափոխական դաշնակցության հետ նորաստեղծ քաղաքական կոալիցիայի երեկ ստորագրած համաձայնագրի գործողության ժամկետը մինչեւ Հայաստանի նախագահի առաջիկա ընտրությունն է:

Քաղաքական կոալիցիան իր համաձայնագրով պարտավորվել է պաշտպանել միասնական թեկնածուի (անուն նշված չէ): Դաշնակցությունը նախագահի պաշտոնում կառաջադրի եւ կպաշտպանի սեփական թեկնածուին, իսկ թե ում՝ կորոշի աշնանը հրավիրվելիք Գերագույն Ժողովը:

Ըստ համաձայնագրի, ՀՅԴ֊-ն կարող է առաջարկել կամ հետ կանչել գյուղատնտեսության, կրթության եւ գիտության նախարարներին եւ մեկ մարզպետի (ամենայն հավանականությամբ՝ Արագածոտնի): Դաշնակցությանն են վերապահվել Ազգային Ժողովի երկու փոխնախագահներից մեկի, արտաքին հարաբերությունների հարցերով, ինչպես նաեւ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի հանձնաժողովների նախագահների պաշտոնները:

Փաստորեն, իրենց պաշտոնները վերստին կստանձնեն գյուղնախարար Դավիթ Լոքյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ինչպես նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Աղվան Վարդանյանը, բայց վերջինս՝ այլ կարգավիճակով:

«Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարի պաշտոնում նշանակում անելու իրավունքը վերապահված է Հանրապետական կուսակցությանը: Բայց դա չի բացառում, որ այդ պաշտոնում կարող է դաշնակցական նշանակվել: Ամենայն հավանականությամբ, կվերանշանակվի Աղվան Վարդանյանը. այդ դեպքում, Դաշնակցությունը նրան նշանակելու եւ հետ կանչելու իրավունք չի ունենա», - երեկ հրավիրած ասուլիսում պարզաբանեց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ով կուսակցության անունից ստորագրել է համագործակցության համաձայնագիրը:

«Ամեն դեպքում, բարոյական պատասխանատվություն կուսակցությունը կարող է կրել իր նախարարի գործունեության համար», - ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ կուսակցական անդամության սառեցում՝ ո'չ այս, ո'չ էլ մյուս դաշնակցական նախարարների դեպքում, չի լինելու:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG