Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյանը անհիմն է համարում «Ժառանգության» փաստարկները


Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը անհիմն է համարել «Ժառանգություն» կուսակցության փաստարկները, որոնցով ղեկավարվելով Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած քաղաքական ուժը հրաժարվել է մասնակցել նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանին:

Իր դիրքորոշումը Րաֆֆի Հովհաննիսյանը բացատրել էր, նախ, նրանով, որ իրեն չեն ծանուցել նստաշրջանի հրավիրման մասին, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ Սահմանադրական դատարանում այժմ քննվում է մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների վավերականության հարցը:

Ինչպես այսօր հաղորդել է Ազգային ժողովի մամլո ծառայությունը, Տիգրան Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ եւ նրան ուղարկել է նամակ, որտեղ պարզաբանել է. - «Նախ` պարոն Հովհաննիսյանի նամակը հասցեատիրոջը չի ուղղված, որովհետեւ երրորդ գումարման Աժ նախագահը որեւէ առնչություն չունի չորրորդ գումարման ԱԺ խնդիրների հետ, ապա` Հայաստանի Հանրապետությունում չկա նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանին խմբակցություններին հրավիրելու կամ ծանուցելու ավանդույթ»:

«Սահմանադրությունն ու «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում են, թե երբ է տեղի ունենալու այդ նստաշրջանը: Ակնհայտորեն, որեւէ հանգամանքով պայմանավորված չէ Աժ առաջին նստաշրջանը հրավիրելու հարցը, այդ թվում` նաեւ Սահմանադրական դատարանում քննարկվող հարցերով: Հետեւաբար` Սահմանադրության եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 34-րդ հոդվածի պահանջն է նորընտիր Աժ առաջին նստաշրջանը սահմանված ժամկետում գումարելը եւ պատգամավորների դրանց մասնակցությունը: Բերված բացատրությունները չեն կարող որեւէ մեկի համար հիմք հանդիսանալ չորրորդ գումարման ԱԺ նստաշրջանի աշխատանքներին չմասնակցելու համար»,֊ - ասված է խորհրդարանի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG