Մատչելիության հղումներ

logo-print

Կոալիցիայի ստեղծման նպատակն է ձեւավորել հասարակության առավել մեծ վստահությունը վայելող իշխանություն


Քաղաքական կոալիցիայի ստեղծման հիմնական նպատակն է Ազգային ժողովի չորրորդ գումարման ժամանակահատվածում ձեւավորել հասարակության առավել մեծ վստահությունը վայելող, արդյունավետ գործող օրենսդիր եւ գործադիր իշխանություն, ապահովել նախընթաց տարիների ձեռքբերումների կայուն, շարունակական զարգացումը: Այս մասին ասված է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած պաշտոնական հաղորդագրությունում:

Քաղաքական կոալիցիա ստեղծելու մասին համաձայնագիրը այսօր Հայաստանի նախագահի նստավայրում` նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ, ստորագրել են Հանրապետական կուսակցությունը` ի դեմս կուսակցության խորհրդի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի, եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` ի դեմս կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի: Քաղաքական կոալիցիան, իր հերթին, Դաշնակցության հետ` ի դեմս կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, ստորագրել է համագործակցության համաձայնագիր:

Համաձայն պաշտոնական հաղորդագրության, ստորագրված փաստաթղթերն «ուղղված են Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների նախընտրական ծրագրերի համադրմամբ կառավարության գործունեության միասնական ծրագրի մշակմանը, կառավարության գործունեության ծրագրի եւ Դաշնակցության նախընտրական ծրագրի մեծապես համընկնող նպատակների իրականացմանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերների արդյունավետ դիմակայմանը»:

Ըստ հաղորդագրության, կոալիցիայի կողմերը գործելու են որոշումների ընդունման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավման, պետական մարմինների գործունեության հրապարակայնության եւ թափանցիկության ապահովման, բարձրաստիճան պետական պաշտոնյաների հաշվետվության արդյունավետ մեխանիզմների կիրառման հիման վրա:

Կոալիցիայի եւ համագործակցության կողմերը պարտավորվել են իրականացնել միասնական քաղաքականություն` միմյանց եւ հանրապետության նախագահի հետ համագործակցությամբ:

Քաղաքական կոալիցիան եւ համագործակցությունն «իրենց ծրագրային եւ քաղաքական առաջնահերթություններ են հռչակել տնտեսության կայուն եւ անվտանգ զարգացումը` ստվերային տնտեսության էական կրճատմամբ, եկամուտների բաշխման առավել արդարացի մեխանիզմների կիրառմամբ, արտահանման կողմնորոշում ունեցող արտադրության խրախուսումը, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մեծացումը, սահմանադրական փոփոխություններին օրենսդրության համապատասխանեցման ամբողջացումը, իշխանության թեւերի միջեւ հակակշիռների եւ զսպումների լիարժեք համակարգի ձեւավորման սահմանադրական երաշխիքների արմատավորումը երկրի օրենսդրության մեջ եւ քաղաքական համակարգում, քաղաքացիական հասարակության ամրապնդման համար նպաստավոր պայմանների ապահովումը, պետական ծառայության բարեփոխումների ավարտումը` ձեւավորելով ազնիվ եւ արդյունավետ գործող կառավարման համակարգ»:

Համաձայնագրերով սահմանված են նաեւ պետական կառավարման համակարգում քաղաքական կոալիցիայի եւ hամագործակցության ձեւաչափերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG