Մատչելիության հղումներ

Ամփոփվեցին Արամ Խաչատրյանի անվան չորրորդ միջազգային մրցույթի արդյունքները


Այսօր ամփոփվեցին երիտասարդ դաշնակահարների Արամ Խաչատրյանի անվան չորրորդ միջազգային մրցույթի արդյունքները:

Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում:

Մրցույթի արդյունքները ավանդաբար ամփոփվում են Խաչատրյանի ծննդյան օրը` հունիսի 6-ին: Առավոտյան Կոմիտասի անվան պանթեոնում Խաչատրյանի շիրիմի մոտ հավաքվել էին նրա արվեստի երկրպագուները, մրցույթի մասնակիցները, մրցութային հանձնաժողովի անդամները:

Մրցույթի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ներկայացրեց այս տարվա մրցանակակիրներին. - «Առաջին մրցանակը շահեց Ռուսաստանից Բուգայան Սոֆյան. ազգությամբ հայ է, Ռոստովից: Երկրորդ մրցանակը կիսեցին Էլիզբարաշվիլին Վրաստանից եւ Բարսեղյան Սոնան Երեւանի կոնսերվատորիայից: Եվ երրորդ մրցանակը կիսեցին Բագրազյան Հրանտը եւ Զաքարյան Լիլիթը»:

«Մրցույթն անցավ բարձր մակարդակով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մրցութային հանձնաժողովի նախագահ, Մոսկվայի կոնսերվատորիայի ռեկտոր Տիգրան Ալիխանովը` առանձնացնելով Երեւանի եւ Թբիլիսիի կոնսերվատորիաների սաներին:

Առաջին մրցանակը 15 հազար ամերիկյան դոլար է, երկրորդը` 10 հազար եւ երրորդը` 5 հազար: Երրորդ փուլ անցած բոլոր մասնակիցները կստանան 2 հազարական դոլար: Մրցանակային ֆոնդը արդեն երրորդ տարին անընդմեջ ապահովում է Հայաստանի կառավարությունը` հատկացնելով 40 միլիոն դրամ:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG