Մատչելիության հղումներ

Գագիկ Շամշյանը դատապարտվեց պայմանական ազատազրկման


Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը չորեքշաբթի օրը «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին դատապարտեց երկուեւկես տարվա պայմանական ազատազրկման` երկու տարի փորձաշրջանով:

Դատարանը լրագրողին մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի առաջին մասով (յուրացում եւ վատնում) եւ 178-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով (խարդախություն):

Շամշյանին ներկայացվել էր մեղադրանք Քրեական օրնեսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով, քաղաքացի Զոհրաբ Ղազարյանի 250 հազար դրամը շորթմամբ հափշտակելու համար, սակայն դատարանի վճռով արարքը վերաորակավորեց 179-րդ հոդվածի առաջին մասով: Դատարանը հիմնավորված համարեց նաեւ նույն Զոհրաբ Ղազարյանի 35 հազար դրամը խարդախությամբ հափշտակելու մեղադրանքը:

Դատարանը վճռեց Զոհրաբ Ղազարյանի օգտին Գագիկ Շամշյանից բռնագանձել 200 հազար դրամ:

Դատավճռի հրապարակումից Շամշյանը պնդեց, որ ինքն անմեղ է, սակայն ասաց, որ, ամենայն հավանականությամբ, չի բողոքարկի դատարանի վճիռը:

Նա հավելեց, որ շարունակելու է աշխատել «նույն ոգով», հանդես է գալու սուր քննադատական հրապարակումներով. - «Միանշանակ շարունակելու եմ: Ես սիրում եմ այդ մասնագիտությունը: Թերություններ [եթե] տեսնեմ թե’ դատախազության համակարգում, թե’ ոստիկանության, թե’ ազգային անվտանգության ծառայության, թե’ քաղաքային իշխանությունների` լուսաբանելու եմ ավելի ակտիվ: Ոչ էլ վախենալու եմ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG