Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Վերջերս Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան կարծիք էր հայտնել. - «Եթե Սանկտ Պետերբուրգում հունիսի 9-ին կայանալիք Քոչարյանի եւ Ալիեւի հանդիպումը հաջող լինի, ապա հիմնարար սկզբունքների շուրջ տարաձայնությունների քանակը կարող է կրճատվել եւ հասնել զրոյական մակարդակի»: Այսօր «Հայաստանի Հանրապետություն» թերթը տպագրել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի` «Մեդիամաքս» գործակալությանը տված մեկնաբանությունը. - «Ինձ հայտնի չէ ամերիկացի համանախագահի լավատեսության աղբյուրը: Բանակցային գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաեւ անցած երկու ամիսների ընթացքում ադրբեջանական կողմի արած հայտնի հայտարարությունները չափազանց փոքր հնարավորություն են թողնում դրական արդյունք ակնկալելու համար»:

«Չորրորդ իշխանություն»-ը շարադրում է. - «Ինչպե՞ս է վարվում Սերժ Սարգսյանը: Ըստ էության նա հայտարարում է, որ թքած ունի ընտրությունների արդյունքների վրա, եւ ում ուզի` նախարարական պորտֆել կտա: Իհարկե, պաշտոնապես դա ներկայացվում է որպես «լայն համագործակցություն», բայց հայտնի բան է` բոլոր մեծ հանցագործությունները կատարվում են հրաշալի կարգախոսներով: Օրինակ, ո՞վ է Սերժ Սարգսյանին իրավունք տվել գործադիր իշխանությունում պաշտոններ տալ «արտախորհրդարանական ուժերին» (ասենք` ՄԱԿ-ին, Դեմկուսին կամ որեւէ այլ ուժի): Այդ ուժերը մասնակցել են ընտրություններին, եւ ժողովուրդը մերժել է նրանց: Կոպիտ ասած` չի ցանկացել, որ այդ ուժերը մտնեն խորհրդարան եւ կառավարության մաս կազմեն: Հարց է ծագում` ի՞նչ իրավունքով է Սերժ Սարգսյանը այդ ուժերին պաշտոններ տալիս»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում, ըստ «Հայք»-ի, «այլեւս չեն լինի այդքան խոստացված մտավորականները` հրաժարվողներից չորսը բուհերի ռեկտորներ եւ գիտաշխատողներ են. իր ինտելեկտուալ կազմով ԲՀԿ խմբակցությունն այսօր ոչնչով չի տարբերվում մականունավորներով հարուստ ՀՀԿ-ից». - «Փաստորեն, «մտավորականներին» ԲՀԿ համամասնական ցուցակ էին խցկել զուտ քարոզչական նպատակներով` ցույց տալու համար, թե ինչ մտավոր պոտենցիալ ունեն իրենք: Ի սկզբանե հասկանալի էր, որ հետագայում այդ մտավորականները հրաժարվելու էին մանդատներից` տեղ բացելու մականունավորների համար»:

«Երբ նայում ես 1990 թվականի Գերագույն խորհրդի կադրերը եւ համեմատում ես դրանք այն դեմքերի հետ, որոնք այսօր ստանում են խորհրդարանական մանդատները, առաջին բառը, որը մտքիդ է գալիս՝ դեգրադացիան է», - շարադրում է «Առավոտ»-ի խմբագրականը: - «Որ կողմից էլ նայես, տեղատվություն է՝ մտավոր, քաղաքական, բարոյական, ազգային: Չէին կարող Ալրաղացի Լյովը, Տիգրան Արզաքանցյանը, «Լեդի», «Բեդնի» կամ «Պիվի» Հակոբները, Շմայսը, Կարամելի Հարութը եւ նրանց նման շատ-շատ ուրիշներ 90 թվականին պատգամավոր դառնալ: Դա ծիծաղելի, ամոթալի եւ մեր ազգի համար անպատվաբեր կհամարվեր: Չէր կարող 90 թվականին «Բարգավաճ Հայաստանի» նման խմբակցություն ստեղծվել, որի փաստացի ղեկավարը Արմեն Գեւորգյանն է, իսկ Գագիկ Ծառուկյանը՝ ընդամենը ֆինանսական հովանավորը»:

«Այս խորհրդարանական ընտրությունների արդյունքում ամենաշահեկան վիճակում հայտնվել է համայն հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը», - գրում է «Ժամանակ-Երեւան»-ը: - «Ինչպես մի անգամ արդեն գրել էինք, նա կարողացել է ճարպկորեն իր երեք եղբայրներին տեղավորել տարբեր կուսակցությունների համամասնական ընտրացուցակներում, եւ երեք եղբայրներն էլ այսօր արդեն պատգամավոր են դարձել: Ոսկու եւ ադամանդի մասնագետ Գագիկ Աբրահամյանը ՀՀԿ-ի 27-րդ հորիզոնականում է, Ազգային ժողովի պատգամավոր Սերյոժա Աբրահամյանը «Օրինաց երկիր»-ի ընտրացուցակում 6-րդն է, իսկ Արմեն Աբրահամյանը «Բարգավաճ Հայաստան»-ի ընտրացուցակում 25-րդն է, որի համար բավականին մարդկանց զրկեցին մանդատներից, որպեսզի նրան անցկացնեն: Սա իսկապես նախադեպային է հայրենի խորհրդարանում, քանի որ մի ընտանիքից միանգամից երեք եղբայր պատգամավոր են: Փաստորեն քաղաքական ամենաճիշտ հաշվարկը կատարել էր Արա Աբրահամյանը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG