Մատչելիության հղումներ

logo-print

Դատարանը մեղավոր է ճանաչում ընտրատեղամասային հանձնաժողովի 9 անդամներին


Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը երեքշաբթի օրը մեղավոր ճանաչեց Արագածոտնի մարզի թիվ 15 ընտրատարածքի 16-րդ ընտրատեղամասային (Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում) հանձնաժողովի 9 անդամներին Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի (ընտրությունները կամ քվեարկության արդյունքները կեղծելը) հատկանիշներով: Դատարանի վճռով հանձնաժողովի նախագահը դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման: Մյուս 8 անդամների նկատմամբ նշանակված պատիժները դատարանը վճռեց պայմանականորեն չկիրառել:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Էլոյանը կալանվեց դատարանի դահլիճում:

Դատավարությունից հետո հանձնաժողովի անդամները, թեեւ հրաժարվեցին ձայնագրվել, այդուհանդերձ, միաբերան պնդում էին, որ տեղյակ չեն եղել, թե ինչպես է «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ հանձնաժողովի նախագահը կարողացել ձայները հաշվելիս, «անձնական շահագրգռությունից ելնելով», մի շարք կուսակցությունների օգտին օրինականորեն քվեարկված 92 քվեարթերթիկները դրել «Բարգավաճ Հայաստան», «Դաշինք», ՀՀԿ, ՀԺԿ, ՄԱԿ եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների օգտին քվեարկված եւ արդեն հաշվարկված քվեաթերթիկների վրա:

Էլոյանը նաեւ մարված 91 քվեաթերթիկներից վրա նշումներ է կատարել ՄԱԿ-ի, «Օրինաց երկիր»-ի, «Դաշինք»-ի եւ ՀՀԿ-ի օգտին եւ դրանք դրել օրինականորեն քվեարկված քվեաթերթիկների մեջ` ըստ կուսակցությունների:

Դատարանի վճռում նշված է, որ Էլոյանը հայտնել է, թե «անկեղծորեն զղջում է կատարած հանցանքի համար». - «Այն կատարել է գիտակցաբար, կեղծիքները կատարելիս ոչ մի շահադիտական նպատակ չի ունեցել: Ուղղակի դրանք կատարել է նշված կուսակցությունների օգտին` ակնկալելով, որ իրենց գյուղի համար կլուծվեն գազաֆիկացման եւ բարեկարգման մի շարք խնդիրներ, որոնք տվյալ կուսակցությունները խոստացել են իրենց նախընտրական ծրագրերում»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG