Մատչելիության հղումներ

Բուշը պաշտպանում է հակահրթիռային համակարգի տեղակայման գաղափարը


Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Պրահայում հանդիպել է Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի եւ վարչապետ Միրեկ Տոպոլանեկի հետ: Անդրադառնալով Կենտրոնական Եվրոպայում հակահրթիռային համակարգ տեղակայելու ծրագրի հետեւանքով Ռուսաստանի հետ հարաբերություններում ծագած լարվածությանը, Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ «սառը պատերազմն արդեն ավարտվել է, եւ Ռուսաստանը չպետք է վախենա հակահրթիռային նոր համակարգից»:

Միացյալ Նահանգները ցանկանում է հակահրթիռային պաշտպանության 10 կայանք տեղադրել Լեհաստանում եւ դրա կառավարման ռադարը կառուցել Չեխիայում: Մոսկվան ծրագիրը խստորեն դատապարտել է եւ սպառնացել է Ռուսաստանի եվրոպական հատվածում տեղադրել նոր հրթիռներ ու նույնիսկ սառեցնել մասնակցությունը Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման պայմանագրին:

Չեխիայի կառավարությունն աջակցում է ամերիկյան ռադարի տեղադրման ծրագրին, սակայն ընդդիմությունը եւ բնակչության զգալի մասը դեմ է դրան: Մարդիկ ենթադրում են, որ Չեխիայի տարածքը, մասնավորապես, ռադարի տեղակայման հավանական վայր ընտրված Բրդի անունով ավանը կարող են դառնալ ռուսական հրթիռների թիրախ:

Խոսելով ռուսական կողմի առարկությունների մասին, նախագահ Ջորջ Բուշն ասել է, որ հակահրթիռային կայանքն ունի սոսկ պաշտպանական ֆունկցիա: Նրա խոսքերով, չեխ ժողովրդին ոչ ոք չի պարտադրում ընտրություն անել Ամերիկայի կամ Ռուսաստանի հետ բարեկամության միջեւ:

«Դուք կարող եք երկուսի հետ էլ բարեկամ լինել», - ասել է Բուշը:

Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը, իր հերթին, ասել է, որ ինքը ռադարի խնդիրը քննարկել է ե'ւ այդ հարցում թերահավատ չեխ հասարակության ներկայացուցիչների, ե'ւ Ջորջ Բուշի, ե'ւ Վլադիմիր Պուտինի հետ:

Չեխ մեկնաբաններից շատերը նշում են, թե ժողովրդի զգալի մասը դեմ է ռադարին այն պարզ պատճառով, որ չի հասկանում, թե ինչո՞ւ է ռադարը չեխ-ամերիկյան խնդիր: Մարդիկ զարմանք են հայտնում այն առումով, որ եթե Չեխիան եւ Միացյալ Նահանգները ՆԱՏ0-ի անդամներ են, ինչո՞ւ ՆԱՏ0֊-ն չէ հակահրթիռային կայանի եւ ռադարի տեղադրման նախաձեռնողը:

Չեխ վերլուծաբան, Նյու 3որքի համալսարանի Պրահայի մասնաճյուղի տնօրեն Իրժի Պեհեի կարծիքով, Բուշի այցը կարող է ոչ թե օգնել, այլ վնասել խնդրին, քանզի ժողովրդի աջակցությունը չվայելող այդ նախաձեռնությունը նախեւառաջ կապվում է հենց Ջորջ Բուշի հետ, որը հիմա ցածր վարկանիշ ունի:

«Կարծում եմ, եթե այս ծրագիրն առաջարկեր մեկ ուրիշ վարչակազմ, այն ավելի հաջող կլիներ», - ասել է Պեհեն:

Չեխիայի կառավարության համար նույնպես դյուրին չէ ծրագիրը հաստատել խորհրդարանում, որովհետեւ վարչապետի կուսակցությունը 200-տեղանոց օրենսդիր մարմնում ունի ճիշտ 100 ձայն, ուստի, քվեարկության ժամանակ մեկ քվեի բացակայությունը կարող է տապալել նախաձեռնությունը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG