Մատչելիության հղումներ

logo-print
Տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը երեքշաբթի օրը ավարտեց հայաստանյան հանդիպումները:

Արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ բանակցություններից ու համատեղ մամուլի ասուլիսից հետո Մորատինոսը կարճատեւ հանդիպում ունեցավ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ:

Հանդիպումից հետո Ղուկասյանը լրագրողներին ասաց, որ լիովին համամիտ է Հայաստանի արտգործնախարարի հետ, ով Մորատինոսի հետ բանակցությունների ժամանակ ասել էր, որ հիմնական հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է. - «Եվ եթե մենք այս հարցի շուրջ համաձայնության չգանք, ես չեմ պատկերացնում, թե ինչ լավատեսության մասին կարող է խոսք լինել»:

Ի տարբերություն ԵԱՀԿ-ի գործող նախագահի, Ղուկասյանը մեծ հույսեր չի կապում Քոչարյան - Ալիեւ սանկտպետերբուրգյան հանդիպման հետ. - «Չենք գտնում, որ այդ հանդիպումը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ: Իմ կարծիքով, սովորական հանդիպում է լինելու»:

Օրվա ընթացքում ԵԱՀԿ-ի գործող նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունել են նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը:

Ռոբերտ Քոչարյանը հանդիպման ժամանակ ասել է, որ ԵԱՀԿ շրջանակում ընթացող «ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին այլընտրանք եւ ավելի արդյունավետ ձեւաչափ հայկական կողմը չի տեսնում»:

«Զրուցակիցները հանգամանորեն քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Իսպանիայի արտգործնախարարը ներկայացրել է նախօրեին Ադրբեջանում կայացած հանդիպումների տպավորությունները եւ վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը` աջակցելու խնդրի խաղաղ կարգավորմանը», - ասված է նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, հայ-իսպանական հարաբերություններին:

Միգել Անխել Մորատինոսի եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին նախագահ Գորան Լենմարկերի հետ այսօր հանդիպում է ունեցել նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG