Մատչելիության հղումներ

Կառավարության աշխատակազմի ներկայացուցչին հանձնվեց հանրագիր` Ալեքսանդր Արզումանյանին ազատ արձակելու պահանջով


Երեքշաբթի օրը «Ի պաշտպանություն Ալեքսանդր Արզումանյանի» կոմիտեի անդամները բողոքի ցույց էին կազմակերպել Կառավարության շենքի մոտ` պահանջելով հանդիպում վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի նրան փոխանցեն Հայաստանի իշխանություններին ուղղված հանրագիրը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց կոմիտեի անդամներից Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, հանրագրում նշված է, որ Արզումանյանը քաղբանտարկյալ է, քանի որ «կալանավորվել է իր քաղաքական գործունեության համար»: Ներկայացվում է նախկին արտգործնախարարին «անհապաղ ազատ արձակելու պահանջ»:

Ալեքսանդր Արզումանյանը, ում Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է «փողերի լվացման» մեղադրանք, ձերբակալված է մայիսի 7-ից:

Ցուցարարների մոտ դուրս եկավ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Գեւորգյանը եւ հայտնեց, որ առաջիկա օրերին վարչապետը կարող է ընդունել Ալեքսանդր Արզումանյանի կնոջը` Մելիսա Բրաունին:

Արզումանյանին ազատ արձակելու պահանջով հանրագիրը հանձնվեց կառավարության աշխատակազմի ներկայացուցչին:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG