Մատչելիության հղումներ

Թունդ մուգ գարեջուր` Մեծ ութնյակի բալթյան գագաթնաժողովի համար


Գերմանացի գարեջրագործերը Բալթիկ ծովի ափին գտնվող Հայլիգենդամ ավանում գումարվող Մեծ ութնյակի գագաթնաժողովի առիթով արտադրել են հատուկ գարեջուր, որի անունն է Summit Bock, գերմաներեն` Gipfelbock, ինչը կարելի է թարգմանել «Գագաթնաժողովյան մուգ»:

Ինչպես տեղեկացնում է DPA լրատվական գործակալությունը, այդ գարեջրում ալկոհոլի պարունակությունը 6,8 տոկոս է` Գերմանիայում արտադրվող սովորական գարեջրատեսակներից 40 տոկոսով ավելի թունդ:

Քյուլունգսբորնի գարեջրի գործարանը (Kuhlungsborn Brewery) արտադրել է 10 հազար լիտր «Գագաթնաժողովյան մուգ» գարեջուր, որի կեսն արդեն տեղական խանութներում է:

«Մենք վաճառել ենք այդ գարեջրի մոտ 5 հազար 1-լիտրանոց շիշ: Մեր գնորդների մեծ մասը ոստիկաններն են, որոնք ամբողջ Գերմանիայից ժամանել են Հայլիգենդամ` Մեծ ութնյակի գագաթնաժողովի օրերին կարգուկանոն ապահովելու համար», - ասել է Kuhlungsborn Brewery ընկերության տնօրեն Ուլրիխ Լանգերը` հավելելով, թե ոստիկաններից շատերը գարեջուրը գնում են որպես հուշանվեր:

«Գագաթնաժողովյան մուգ»-ի մեկ շիշն արժե 5 եվրո: Լանգերի խոսքերով, գարեջրի հատուկ տեսակի արտադրությունը գրեթե խափանվելու էր, որովհետեւ ամենավերջին պահին հնչեցին բողոքներ շշի պիտակի վերաբերյալ. այն պատկերում է այծիկի, որն անխռով ծամում է Մեծ ութնյակի անդամ գերտերությունների ազգային դրոշները:

«Մեզ մեղադրում էին, թե մենք, իբր, «թշնամական» վերաբերմունք ենք դրսեւորում գագաթնաժողովի հանդեպ, նույնիսկ անվտանգության մարմիններն էին փորձում միջամտել», - ասել է Լանգերը:

DPA-ն հաղորդում է, թե տեղացի արտադրողները չեն անտեսել նաեւ քաղցրասերներին եւ գագաթնաժողովի առիթով պատրաստել են շոկոլադի տարբեր տեսակներ: «Նույնիսկ գագաթնաժողովի ընդդիմախոսներն են շոկոլադ սիրում», - ընդգծել է տեղացի արտադրողներից մեկը:

Ռոստոկ քաղաքի եւ մերձակա ավանների ռեստորաններում գագաթնաժողովի օրերին մատուցելու են Մեծ ութնյակի անդամ երկրների ավանդական կերակրատեսակներ՝ գերմանական, ամերիկյան, ֆրանսիական, կանադական, ռուսական, ճապոնական, իտալական եւ բրիտանական:

DPA-ն նաեւ մի զավեշտալի իրողության մասին է տեղեկացնում` տեղական McDonalds ռեստորաններում միասին հերթ են կանգնում եւ համբուրգերներ են ուտում թե' քաղաքում անվտանգություն ապահովող ոստիկանները եւ թե' Ռոստոկ ժամանած հակագլոբալիստները, որոնք պատրաստվում բողոքի ակցիաներ են անցկացնել գագաթնաժողովի օրերին. առայժմ նրանք «խաղաղ գոյակցում են»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG