Մատչելիության հղումներ

«Սոցիոմետր» սոցիոլագիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի խոսքերով, խորհրդարանական ընտրություններից առաջ արած իր կանխատեսումներից միայն երկուսը չիրականացան` «Բարգավաճ Հայաստան»-ը ջախջախիչ պարտություն կրեց (ստանալով 15 տոկոսից պակաս ձայներ` սոցիոլոգի կանխատեսած 32 տոկոսի փոխարեն) եւ Դաշնակցությունը ստացավ սպասվածից ավելի ձայներ:

Ադիբեկյանի կարծիքով, «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին պարզապես թյուրիմացության մեջ գցել` ուռճացնելով կուսակցության անդամների թիվը (370 հազար). - «Սուտ է: Դա կեղծիք է եղել: Մեր հարցումներով (7 հարցում ենք արել) կուսակցության անդամ եղել են հարցվածների 4-5 տոկոսը` բոլոր կուսակցությունների... Մաքսիմալ թիվը [մարդկանց], որոնք համարել են իրենց ԲՀԿ-ի անդամ, ընդամենը 100 հազար է եղել: Ուրեմն նրանք 100 հազարից ավելի անդամ չէին կարող ունենալ»:

«Պարոն Ծառուկյանին կեղծ տվյալներ են տվել», - հավելեց սոցիոլոգը` կարծիք հայտնելով նաեւ, որ ԲՀԿ-ի անդամները նաեւ որոշակի նյութական ակնկալիքներ են ունեցել, որոնք չեն բավարարվել. - «Ակնկալիք ունեին անդամները, որ փող կբաժանեն: Որքան գիտեմ, դա [ԲՀԿ-ն], չի արել... Շատ քիչ է բաժանել ակնկալիքի դիմաց»:

Իսկ Դաշնակցության` իր կանխատեսածից ավելի շատ ձայներ ստանալուն Ադիբեկյանը այլ բացատրություն չի տեսնում, քան փող բաժանելը:

Թեեւ Ադիբեկյանի խոսքերով, ինքը միայն այս երկու դեպքերում է սխալվել, հարկ է հիշեցնել, որ «Սոցիոմետր» կենտրոնի անցկացրած վերջին հարցման արդյունքներով, Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն»-ը պիտի հաղթահարեր 5 տոկոսի շեմը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն»-ը` ոչ: Իրականում տեղի ունեցավ հակառակը:

Այս կապակցությամբ սոցիոլոգը ասաց, թե մայիսի 5-ին դրությամբ պատկերը արդեն փոխվել են, սակայն ինքը այդ մասին չէր կարող խոսել, քանի որ օրենքը թույլ չէր տալիս:

Անդրադառնալով ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակը պայմանավորած գործոններին, Ադիբեկյանը առանձնացրեց հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի դերը եւ պետական պաշտոնյաների մեծ բանակը:

«Շատ մեծ դեր խաղաց Անդրանիկ Մարգարյանի մահը, երբ բացահայտվեց, թե ինչ հսկայական աշխատանք էր կատարել վարչապետը` կայունացնելու երկրի տնտեսական վիճակը, բյուջեն», - ասաց նա:

Իսկ պետական պաշտոնյաներին կայունությունը ներկայանում է որպես իրենց պաշտոնները պահպանելու երաշխիք:

Ընտրախախտումները, ըստ սոցիոլոգի, էականորեն չեն ազդել ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի վրա. - «Այդ բաները [ընտրակեղծիքներն ու ընտրախախտումները] միայն որոշ փոփոխություններ են մտցրել»:

«Ազգային միաբանություն»-ը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, մյուս ընդդիմադիրները, ըստ Ահարոն Ադիբեկյանի, դուրս մնացին խորհրդարանից, քանի որ փորձեցին «դիվիդենտներ շահել դժգոհությունների եւ քաղաքական ըմբոստության հենքի վրա»: Իսկ նախընտրական շրջանում «պոզիտիվ դիրքերից» հանդես եկած ընդդիմադիր քաղաքական ուժերը [«Ժառանգություն»-ը եւ «Օրինաց երկիր»-ը] հասան հաջողության:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG