Մատչելիության հղումներ

«Մինչեւ 2007 թվականը Ադրբեջանը գազ ներմուծող երկիր էր, իսկ այս տարի դարձել է գազ արտահանող», - հայտարարել է այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

day.az ինտերնետային պարբերականի վկայությամբ, Բաքվում «Կասպիցի նավթը եւ գազը» ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ Ալիեւը ասել է, թե ըստ վերջին` ճշտված տվյալների, Ադրբեջանի ածխաջրածինների ծավալները գերազանցում են նախկինում հայտարարվածը:

Մասնավորապես, ըստ նրա, եթե 1994 թվականին համարվում էր, որ Ազերի-Չիրաղ-Գյունեշլի նավթահանքում նավթի ծավալը 500 միլիոն տոննա է, ապա այսօրվա տվյալներով այն կազմում է մեկ միլիարդ տոննա: «Շահ-Դենիզ» հանքավայրում գազի ծավալները նախապես գնահատվում էին 600 միլիարդ խորանարդ մետր, իսկ ներկայիս տվյալներով այդ հանքավայրի պաշարները կազմում են առնվազն 1,2 տրիլիոն խորանարդ մետր գազ:

Ալիեւը, ընդգծելով, որ «գազի գործոնը այժմ հիմնականն է երկրների էներգետիկ անվտանգության ապահովման առումով», հայտարարել է, թե Ադրբեջանը մտադիր է մեծ դեր խաղալ Եվրոպան գազով ապահովելու գործում, եւ Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ ստորագրված համապատասխան հուշագրերը դրա վկայությունն են:

Նա հայտնել է, որ վերջին 13 տարիներին Ադրբեջանի նավթա-գազային ոլորտում ներդրվել է շուրջ 30 միլիարդ դոլար:

Ադրբեջանի նախագահը «այս տարվա համաշխարհային նշանակության իրադարձություններ» է որակել Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի եւ Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազամուղի շահագործման հանձնումը` հավելելով. - «Վստահ եմ, որ մոտ ժամանակներս կիրականացվի նաեւ Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղային նախագիծը: Ցավոք, միջազգային ֆինանսական կազմակերպություններից մենք չստացանք ակնկալվող պատասխանները, բայց Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նախագծի շնորհիվ մենք ի վիճակի ենք իրականացնել այդ նախագիծը սեփական ուժերով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG