Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ինչ-որ բաներ կլինեն, որոնք երբեք չեն եղել մեր քաղաքական մշակույթում»


Հայաստանի վարչապետ, նորընտիր խորհրդարանում մեծամասնություն կազմած Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը նոր կառավարության ձեւավորման հարցում փակագծերը չբացեց` ասելով միայն, որ հունիսի 7-ին Ազգային ժողովի նիստը կայանալու է եւ կառավարությունը ձեւավորվելու է Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում:

Ըստ Սահմանադրության, նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը երկրի նախագահը ընդունում է կառավարության հրաժարականը եւ տասնօրյա ժամկետում նշանակում վարչապետ, իսկ կառավարությունը ձեւավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:

Հայ հեղափոխական դաշնակցության հետ կառավարության ձեւավորման շուրջ ընթացող բանակցությունների մասին հարցին Սերժ Սարգսյանը պատասխանեց. - «Ընդհանրապես բանակցությունները չեն ավարտվել»:

Նրա խոսքերով, դրանք կավարտվեն առավելագույնը «մեկ-երկու օրից»:

«Ինչ-որ բաներ կլինեն, որոնք միգուցե երբեք չեն եղել մեր քաղաքական մշակույթում», - ձեւավորվելիք կառավարության վերաբերյալ ասաց վարչապետը: - «Ես կարծում եմ, որ փոփոխությունները բավականաչափ ծավալուն կլինեն: Բայց, մյուս կողմից էլ, ես վստահ եմ, որ ամեն ինչը փոխելով չէ, որ մենք պետք է հաջողության հասնենք: Այն ուղղություններում, որտեղ մենք ունեցել ենք հաջողություն, այն ուղղություններում, որտեղ երեւում է, որ դեռեւս էներգիա կա, [նախարարները] կմնան: Իսկ այն ուղղություններում, որոնք փոփոխության կարիք ունեն` կփոխվեն»:

Սերժ Սարգսյանը ասաց, որ կառավարության նոր կազմում «հաստատ լինելու են մարդիկ, ովքեր որեւէ առնչություն չեն ունեցել ոչ ՀՀԿ-ի հետ եւ ոչ էլ Դաշնակցության եւ «Բարգավաճ»-ի հետ»:

Լրագրողների հարցերին վարչապետը պատասխանեց կառավարության նոր մամուլի կենտրոնի բացման առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG