Մատչելիության հղումներ

ՍՏՀԿ-ի գագաթնաժողովին Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կներկայացնի արտգործնախարարը


Ինչպես տեղեկացնում է թուրքական «Զաման»-ը, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ)` հունիսի 25-ին Անկարայում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, սակայն գագաթնաժողովում Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կներկայացնի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Թուրքիան, որ այս տարվա մայիսից 6 ամսով նախագահելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում, ցանկանում է որոշակիորեն աշխուժացնել կազմակերպության դերը` առաջարկելով կոնկրետ ծրագրեր: Դրանցից մեկը Սեւ ծովի երկայնքով շուրջ 7,5 հազար կիլոմետրանոց արագընթաց մայրուղու կառուցման նախագիծն է, որ ներկայացվելու է գագաթնաժողովի մասնակիցների քննարկմանը:

Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ Ռոբերտ Քոչարյանը ստացել է գագաթնաժողովին մասնակցելու հրավերը, բայց Ստամբուլ չի մեկնելու:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ գագաթնաժողովին Հայաստանի «մասնակցության մակարդակի վերաբերյալ որոշումը դեռ չի կայացվել»:

Ըստ լավատեղյակ աղբյուրների, գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության մակարդակը կորոշվի` հաշվի առնելով հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:


Ռուբեն Մելոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG