Մատչելիության հղումներ

Անկարայում սկսվում է Թուրքիայի եվրոպական ինտեգրման հարցերով «եռյակի» նիստը


Անկարայում այսօր բացվում է Թուրքիայի եվրոպական ինտեգրման հարցերով «եռյակի» նիստը: Ակնկալվում է, որ նիստին մասնակցելու համար Թուրքիայի մայրաքաղաք կժամանեն Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, Պորտուգալիայի արտգործնախարար Լուիշ Ամադուն եւ Եվրամիության հանձնակատար Օլի Ռենը:

Ինչպես հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեւենթ Բիլմանը, նիստում քննարկվելու է իրադրությունը Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ բանակցային գործընթացում:

«Նախատեսվում է ուսումնասիրել բանակցությունների շրջանակներում արդեն անցած ճանապարհը եւ այդ գործընթացի հետագա շարունակման հնարավորությունները», - ասել է Բիլմանը:

Ըստ նրա, կքննարկվեն նաեւ երկկողմ հարցեր եւ միջազգային հիմնախնդիրներ, մասնավորապես, օրակարգում կարող է ընդգրկվել Կիպրոսի հիմնախնդրի կարգավորման ուղիների որոնման թեման:

Պաշտոնական Անկարան չհիմնավորված է համարում Կիպրոսի թուրքաբնակ հյուսիսային հատվածի նկատմամբ սահմանված առեւտրա-տնտեսական էմբարգոն եւ հայտարարում է, թե քանի դեռ չի վերացվել այդ մեկուսացումը, Թուրքիան չի բացելու իր նավահանգիստներն ու օդանավակայանները Եվրամիության անդամ Կիպրոսի Հանրապետության համար:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ, Բիլմանը նշել է, որ Եվրամիությունում նախագահող Գերմանիան խոստացել է «որոշ քայլեր ձեռնարկել այդ հարցի լուծման ուղղությամբ»: Իսկ առայժմ, նրա խոսքերով, Հյուսիսային Կիպրոսի եւ Եվրամիության ներկայացուցիչների շփումները շոշափելի արդյունք չեն տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG