Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 2-ը հունիսի)

«Առավոտ»֊-ը գրում է. - «Ազգային ժողով անցած իշխանական ուժերի ներկայացուցիչներն այս օրերին աննախանձելի վիճակում են, միմյանց շարունակ հարցնում են՝ ի՞նչ կա, անցե՞լ ես: Մարդիկ դեռ չեն հասկանում՝ իրենք պատգամավորական մանդատ ստանալո՞ւ են, թե՞ մնալու են խաղից դուրս: Հանրապետական կուսակցությունը, Դաշնակցությունը եւ «Բարգավաճ Հայաստան»֊-ը այս հարցին դեռ չեն անդրադարձել, քանի որ առաջին երկուսի համար այս օրերին առաջնայինը կառավարության պորտֆելների հարցն է: «Բարգավաճ Հայաստան»֊-ը այս բանակցություններում, կարծես թե, ակտիվ չէ, եւ տպավորությունն այնպիսին է, որ այս ուժը ուղղղակի սպասում է՝ իրեն ինչ տան՝ տան»:

«Չորրորդ իշխանություն»-֊ը փաստում է. - «Երբ նախընտրական շրջանում հանրահավաքները տեղի էին ունենում ավելի մարդաշատ հրապարակներում, հարթակ բարձրանալու ցանկություն ունեցողներն ավելի շատ էին: Հիմա, երբ հասարակության ակտիվությունը կարծես նվազում է, բոլոր նրանք, ովքեր նախընտրական ժամանակահատվածում կատու էին «ճղում», թե կեղծիքների դեպքում հրապարակ են դուրս գալու, Սերժ Սարգսյանին «քյասար» ճանապարհով են պաշտոնանկ անելու, մոռացել են իրենց խոստումները եւ փախել մոտակա անցքերը»:

«Հայոց Աշխարհ»֊-ը շեշտադրում է. - «Ամբողջ չորս տարի լրագրողները ծաղրում էին նախկին Ազգային ժողովի պատգամավորների ճառերը: Կոնկրետ անուններ թվարկելը պարզապես անիմաստ է. չափազանց մեծ է ցուցակը: Բայց մի՞թե նրանք, ում մենք ընտրեցինք մայիսին, ուրիշ են ու ավելի լավը: Եվ բնավ ոչ այն պատճառով, որ Ազգային ժողովը ընդամենը մեր հասարակության արտացոլումն է: Դա չէ խնդիրը: Ընտրելու բան չկա. ահա թե որն է դժբախտությունը»:

«Ժամանակ Երեւան»-ը, նշելով, որ «ինչպես 2003 թվականի նախագահական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում, այնպես էլ այս ընտրություններից առաջ դարձյալ խոսակցություններ են պտտվում, թե նախագահի թեկնածու է առաջադրվելու նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-֊Պետրոսյանը, թեեւ վերջինս դեռ հապաղում է նման անսպասելի քայլի մասին առայժմ բարձրաձայնել», ընդգծում է. - «Եվ ինչքան Տեր-֊Պետրոսյանի մտադրության հայտարարությունն ուշանա, այնքան ընդդիմադիր դաշտը կշարունակի մնալ այսպիսի ցայտնոտային վիճակում: Իսկ եթե Լեւոն Տեր-֊Պետրոսյանն ասի, որ ցանկանում է առաջադրվել, ապա հնարավոր է, որ հենց նա էլ դառնա ընդդիմադիրների միասնական թեկնածուն: Եվ այս դեպքում նաեւ իշխանական համակարգից շատ ու շատ ուժեր եւ գործիչներ կարող են սատարել ընդդիմության միասնական թեկնածուին: Լեւոն Տեր-֊Պետրոսյանի թեկնածությունն իսկապես շատ բան կարող է փոխել հայրենի քաղաքական դաշտում»:

«Հայք»-ի պնդմամբ, «դժվար չէ կռահել, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, ներքուստ համոզված լինելով, որ Ղարաբաղի խնդրի կարգավորումը այնքան էլ կարեւոր հարց չէ Հայաստանի համար, շարունակելու են երկարաձգել հիմնախնդրի կարգավորումը, փորձելով հերթական անգամ մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը»: Իսկ իրական ընդդիմությունն էլ, թերթի համոզմամբ, «նախագահի ընտրություններից առաջ պետք է ամեն ինչ անի հանրությանն ապացուցելու համար, որ այսօր Հայաստանի թիվ մեկ խնդիրը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի չկարգավորված լինելն է»:

«Հայկական ժամանակ»֊-ի հոդվածագիրը վերհիշում է. - «Ընկերներիցս մեկը՝ Արսենը, պատմում է, որ մայիսի 9-֊ին սփյուռքահայ զբոսաշրջիկների հետ Գանձասարում էր: Ասում է, թե խոտերին նստած ենք, մեկ էլ տեսնենք՝ գալիս են Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը եւ էլի չեմ հիշում արդեն ով: Սփյուռքահայերը ցանկություն են հայտնում լուսանկարվել նախագահի հետ: Նրանցից մեկը՝ տարեց կին Վրեժուհի անունով, ասում է. - «Ես հիշում եմ ձեզ, պարոն Քոչարյան, դուք Վեհափառի հետ եկել էիք Երուսաղեմ»: «Հը, հը, էդ ես չէի իրա հետ էկել, էդ ինքն էր իմ հետ էկել», ֊- լինում է պատասխանը: Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG