Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը մեկնարկում է Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի մեկշաբաթյա շրջագայությունը Եվրոպայում:

Երեկոյան Բուշը կժամանի Պրահա, որտեղ վաղը հանդես կգա «Ժողովրդավարություն եւ անվտանգություն» միջազգային խորհրդաժողովում: Նախատեսված են Միացյալ Նահանգների նախագահի հանդիպումները Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի, վարչապետ Տոպոլանեկի եւ ընդդիմության առաջնորդ Իրժի Պարուբեկի հետ:

Չեխիայի իշխանությունների հետ բանակցություններում հիմնականը լինելու է այս երկրում ամերիկյան ռազմավարական հակահրթիռային համակարգի տարրերի տեղակայման թեման:

Միացյալ Նահանգների այս ծրագրին դեմ է հանդես գալիս Ռուսաստանը: Մասնավորապես, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցած շաբաթավերջին Մեծ ութնյակի անդամ երկրների լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել էր, թե «Ռուսաստանի հրթիռները կրկին կարող են ուղղվել Եվրոպայի ռազմական օբյեկտների վրա, եթե Միացյալ Նահանգները շարունակի պնդել ռազմավարական հավասարակշռության փոփոխությունը` Չեխիային եւ Lեհաստանին ներգրավելով «հակահրթիռային վահանի» ստեղծման մեջ»:

Չեխիայից Ջորջ Բուշը կմեկնի գերմանական Հայլիգենդամ` մասնակցելու Մեծ ութնյակի` հունիսի 6-ին մեկնարկող տարեկան գագաթնաժողովին: Գերմանիայում աշխարհի առաջատար պետությունների ղեկավարները քննարկելու են Աֆրիկայի երկրներին ցուցաբերվելիք օգնությանը, համաշխարհային տնտեսության զարգացմանը, բնապահպանական ու կլիմայի պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Այնուհետեւ Միացյալ Նահանգների նախագահը Lեհաստանում` նախագահ Lեխ Կաչինսկու հետ կշարունակի Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգի տեղակայման թեմայի շուրջ քննարկումները:

Հունիսի 9-ին Ջորջ Բուշը կուղեւորվի Իտալիա: Վատիկանում կկայանա նրա առաջին հանդիպումը Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հետ: Նախատեսված են նաեւ հանդիպումներ Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի եւ վարչապետ Ռոմանո Պրոդիի հետ:

ԱՄՆ-ի նախագահի եվրոպական շրջագայությունը կավարտվի հաջորդ երկուշաբթի Բալկաններում` Ալբանիա եւ Բուլղարիա կատարելիք այցերով:


Ռուբեն Մելոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG