Մատչելիության հղումներ

Հրայր Ղուկասյան. «Դատախազությունը եզրակացությունը հրապարակել է ընտրանքային սկզբունքով»


Ոստիկանության շենքում մահացած Լեւոն Գուլյանի հարազատների փաստաբան Հրայր Ղուկասյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Գլխավոր դատախազությունը դատաբժշկական֊գիտագործնական կենտրոնի դատաբժշկական փւրձաքննության եզրակացությունը հրապարակել է «ընտրանքային սկզբունքով»:

«Ընտրանքային սկզբունքով առանձին արտահայտություններ կամ հետեւություններ են դրանից հրապարակված, ինչը թույլ չի տալիս ամբողջական եւ ճիշտ պատկերացում կազմել այդ եզրակացության էության եւ բովանդակության մասին»,֊ - նշել է փաստաբանը, որը պնդում է, թե տեսել է եզրակացությունն ամբողջությամբ:

«Կարծում եմ, առնվազն վաղաժամ էր նախաքննության այս փուլում նման ձեւով այդ եզրակացության մասին տեղեկատվություն տարածելը, քանի որ գործով նշանակված են նաեւ այլ փորձաքննություններ»,֊ - ասել է Հրայր Ղուկասյանը:

Ոստիկանությունը պնդում է, որ Լեւոն Գուլյանը, որը մայիսի 9-֊ին տեղի ունեցած Ստեփան Վարդանյանի սպանության կապակցությամբ որպես վկա մայիսի 12-֊ին հրավիրվել է ոստիկանություն, փորձել է պատուհանից փախուստի դիմել, սակայն վայր է ընկել ու մահացել:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից, որը երեկ հրապարակել է Գլխավոր դատախազությունը, հետեւում է, որ «հայտնաբերված վնասվածքներն իրենց բնույթով եւ տեղակայմամբ բնորոշ են բարձրությունից վայր ընկնելուն»:

Դատախազության հրապարակած եզրակացությունում, սակայն, ոչինչ չի ասված մահվանից առաջ ստացված հնարավոր վնասվածքների մասին, մինչդեռ Գուլյանի հարազատները պնդում են, թե նա կտտանքների է ենթարկվել ոստիկանությունում:

Հրայր Ղուկասյանը նաեւ տեղեկացրել է, որ միջազգային անկախ փորձագետների կատարած փորձաքննության եզրակացությունը «Հայաստանում կլինի մի քանի օրից»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG