Մատչելիության հղումներ

Jane's Foreign Report. «Հայաստանի ապագա նախագահը ստիպված կլինի դիմել հավասարակշռության ապահովման բարդ գործողությունների»


«Ջեյնզ Ինթելիջենս» վերլուծական հաստատության փորձագետների կարծիքով, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում նշանակելու հանգամանքը վկայում է նրա՝ նախագահության թեկնածու առաջադրվելու գործընթացի մեկնարկի մասին:

Վերլուծաբանների հունիսյան տեղեկագրում կա առաջին հայացքից փորք-ինչ անսպասելի ենթադրություն, թե «նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը կլինի «Բարգավաճ Հայաստան»-ի հիմնադիր եւ ղեկավար, մեծահարուստ օլիգարխ, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը»: Միաժամանակ Jane's Foreign Report-ում նշվում է, որ վարչապետի պաշտոնը Սերժ Սարգսյանին առավելություն է տալիս նախագահական ընտրապայքարում:

«Հայաստանը հստակ մնում է Ռուսաստանի քաղաքական ազդեցության ոլորտում, եւ այդ կուրսից չնչին շեղում դեպի Արեւմուտք կարժանանա Ռուսաստանի կոշտ հակազդեցության: Հայաստանի ապագա նախագահի առջեւ կդրվի դժվարին խնդիր՝ փորձել արտաքին քաղաքականության բնագավառում հավասարակշռություն ապահովելու միջոցով հաղթահարել ներկայիս միջազգային մեկուսացումը», - գրում են «Ջեյնս Ինթելիջենս»-ի վերլուծաբանները: - «Անցած 5 ամիների ընթացքում Հայաստանում քաղաքական զարգացումներն ընթացել են միանգամայն կանխատեսելի հունով եւ հանգեցրել են նախագահամետ խորհրդարանի ընտրությանը»:

Անդրադառնալով մայիսի 12-ի ընտրություններին` հեղինակները նշում են, որ «թեպետեւ մրցակցությունը հիմնականում սահմանափակվել է իշխանամետ վերնախավերի պայքարով եւ չի եղել կենսունակ ընդդիմություն, որն ի զորու կլիներ ինչ-որ բան առաջարկել առանց այն էլ անտարբեր էլեկտորատին, այս քվեարկությունը համարվում է էական նվաճում Հայաստանում դեմոկրատիա ստեղծելու դժվար ճանապարհին»:

Ապա վերլուծաբանները գրում են, թե այդ ընտրություններն ավելի մեծ արժեք ունեն իբրեւ «2008 թվականի նախագահական ընտրությունների նախերգանք». - «Այդ առումով էլ ավելի նշանակալից է մայիսի 16-ին վարչապետ Սերժ Սարգսյանի հրապարակավ հայտարարությունն այն մասին, որ նա պայքարելու է նախագահ ընտրվելու համար»:

Ըստ «Ջեյնս Ինթելիջենս»-ի, գալիք նախագահական ընտրությունների առավել կարեւոր նշանակությունն այն է, թե «թեկնածուները ի՞նչ դիրքորոշումներ կդրսեւորեն արտաքին քաղաքականությանն ասպարեզում, ի՞նչ ծրագրեր կառաջարկեն տարածաշրջանում մեկուսացված եւ Ռուսաստանից հետզհետե ավելի մեծ կախման մեջ հայտնվող Հայաստանի համար»:

«Անկախ այն բանից՝ անկե՞ղծ էր Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելու նախագահ Ռոբերտ Քոչարյանի քայլը, թե՞ պարտադրված, այն վկայում է, որ պաշտպանության նախկին նախարարը համարում է, որ պատրաստ է 2008 թվականին փոխարինել նախագահին», - գրում են «Ջեյնս Ինթելիջենս»-ի վերլուծաբանները: - «Վարչապետի պաշտոնը որպես հենարան երկսայր սուր է: Մի կողմից, այն Սարգսյանին ընձեռում է պետական լծակներն օգտագործելու եւ իրեն իբրեւ համազգային լիդեր դրսեւորելու հնարավորություն: Բայց մյուս կողմից, դա նաեւ մարտահրավեր է, Սարգսյանն առաջին անգամ է հայտնվել այդչափ բարձր պաշտոնում եւ բոլորի ուշադրության կենտրոնում:

«Ջեյնը Ինթելիջենս»-ը նշում է, որ ինչպես եւ նախագահ Ռոբերտ Քոչարայանը, Սերժ Սարգսյանն էլ Լեռնային Ղարաբաղից է. - «Նա առաջին անգամ Հայաստան է եկել 1993 եւ զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը: Նա սովորել է գործել քաղաքական ուժերի ստվերում, իր աշխատանքի բերումով նա միշտ ունեցել շատ ավելի հզոր լծակներ, քան ժողովրդականություն:

Ըստ «Ջեյնս Ինթելիջենս»-ի, նա իր այդ ունակությունը դրսեւորել է Ռուսաստանի հետ Հայաստանի կապն ամրացնելու եւ «ռազմավարական դաշինք» ստեղծելու ընթացքում, երբ Ռուսաստանը՝ ռազմական օգնություն տրամադրելու եւ պաշտպանությունը երաշխավորելու դիմաց ստացել է Հայաստանի ռազմավարական նշանակության հիմնարկները. - «Միաժամանակ, Սարգսյանն այդ ընթացքում կարողացել է խորացնել համագործակցությունը ՆԱՏ0-ի եւ Արեւմուտքի հետ եւ հավաստիացրել, որ ինքը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման սկզբունքին»:

«Ջեյնս Իթելիջենս»-ը գրում է, թե 2006 թվականին ստեղծելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը 2007-ի մայիսի 12-ին քվեների 15 տոկոսն է ստացել, Գագիկ Ծառուկյանն ամրապնդել է իր դիրքը որպես «նախագահական պայքարում Սերժ Սարգսյանի միակ իրական մրցակից». - «Ծառուկյանը, թերեւս, ամենաազդեցիկ օլիգարխն է Հայաստանի գործարարների շրջանում: Ծառուկյանը ընտրությունների ժամանակ իր անձնական միջոցներից բավական մեծ գումար է հատկացրել թշվառ քաղաքացիներին անվճար բժշկական օգնություն ցույց տալու, գյուղատնտեսական մթերքներ եւ այլ օգնություն նվիրելու համար»:

«Ջեյնս Ինթելիջենս»-ը գրում է, թե ով էլ ապագայում փոխարինի Քոչարյանին՝ պետք է ներսում հզոր աջակցություն ապահովի, իսկ Արեւմուտքի, մասնավորապես, ԱՄՆ-ի օգնությունը շարունակ ստանալու համար՝ պարտավոր կլինի նաեւ կատարել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները. - «Դրան հասնելու համար հարկ է հավասարակշռել Ռուսաստանից կախված լինելու հանգամանքն ու ՆԱՏ0-ի եւ Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցություն հաստատելու ձգտումը»:

Սերժ Սարգսյանը հունվարին «Ջեյնս Ինթելիջենս»-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առավել կարեւոր դաշնակիցը: Հայաստանը ցանկանում է խորացնել համագործակցությունը Արեւմուտքի, մասնավորապես, ՆԱՏ0-ի հետ, սակայն վերջինս երբեւէ չի փոխարինի Մոսկվային Հայաստանի գլխավոր պաշտպանի դերում:

«Որպես վարչապետ եւ նախագահության հավակնորդ, Սարգսյանը տակավին չի լուծել ժողովրդականություն ձեռք բերելու խնդիրը եւ օգնության համար դիմել է անսպասելի հասցեով՝ նա վարձել է մի ամերիկյան ընկերություն, որը կօգնի իրեն բարելավել կերպարը, ավելի ընդունելի դառնալ Արեւմուտքի համար»:

«Ջեյնս Ինթելիջենս»-ը նշում է Հայաստանում երկքաղաքացիության հեռանկարի հանգամանքը եւ կարծիք հայտնում, թե ամերիկյան մասնագետներին դիմելու փաստը վկայում է ԱՄՆ-ում բնակվող միլիոնավոր հայրենակիցների աջակցությունը ստանալու` Սերժ Սարգսյանի ցանկության մասին. - «Դա նաեւ կարելի է համարել Արեւմուտքին հասցեագրած ազդանշան, որի նպատակն է փարատել մտահոգությունները պաշտպանության ռուսամետ նախկին նախարարի ապագա լիդերության վերաբերյալ»:

«Ջեյնս Ինթելիջենս»-ն այս հունիսյան վերլուծությունը ավարտում է հետեւյալ երզրակացուղթյամբ. - «Մինչեւ 2008 թվականի ընտրությունները Սարգսյանի եւ Ծառուկյանի մրցակցությունը կսրվի, թեպետեւ Սարգսյանը ներկայումս ավելի գերադասելի դիրքում է` հաշվի առնելով նրա զբաղեցրած պաշտոնը: Միջազգային ասպարեզում չնայած Ռուսաստանի դաշնակիցը լինելու մասին վկայող անցած ճանապարհին ու համբավին, որեւէ տեղաշարժ դեպի Արեւմուտք Մոսկվայում կդիտվի իբրեւ Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը թուլացնելու միտում: Դա նշանակում է, որ ապագայում Հայաստանի նախագահը ստիպված կլինի դիմել հավասարակշռության ապահովմանն ուղղված երկարատեւ եւ չափազանց բարդ գործողությունների: Հաջողությունը կամ ձախողումն այս խնդրում ապագա նախագահի համար վճռորոշ նշանակություն ունի թե' միջին եւ թե' երկրարատեւ հեռանկարի կտրվածքով, քանզի դրանից է կախված Հայաստանի տարածաշրջանային մեկուսացման հաղթահարումը եւ խորհրդարանում իշխանամետ ուժերի պահպանումը»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG