Մատչելիության հղումներ

Ընտրախախտումների մեղադրանքով դատարանի առջեւ կկանգնեն հանձնաժողովների 10 անդամներ


Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ, հինգշաբթի օրվա դրությամբ, դատարան է ուղարկվել 5 քրեական գործ՝ 14 անձի վերաբերյալ, որոնցից 10-ը տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ են եւ մեղադրվում են քվեարկության արդյունքները կեղծելու մեջ: Այս մասին ասված է Հայաստանի գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:

Երեկ Արագածոտնի մարզի դատախազությունը մարզի առաջին ատյանի դատարան է ուղարկել թիվ 14 ընտրատարածքի 55-րդ տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Ջիվան Սարգսյանի կողմից համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Համաձայն գլխավոր դատախազության հաղորդագրության, նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ընտրությունների ավարտից հետո թիվ 14 ընտրատարածքի՝ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում գտնվող 55-րդ տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահը, համամասնական ընտրակարգով ընտրությունների ձայները հաշվելիս, «անձնական շահագրգռվածությունից ելնելով, Ազգային ժողովրդավարական, «Ազգային միաբանություն», «Ժողովրդավարական ուղի», Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի ժողովրդական, Հայաստանի կոմունիստական կուսակցությունների օգտին օրինական քվեարկած համապատասխանաբար՝ 3, 6, 2, 1, 2, 2 ձայները զրոյացրել է, 1 ձայն «Դաշինք» կուսակցության եւ 17 ձայն «Միավորված աշխատանքային» կուսակցության ձայներից պակաս է հաշվել, իսկ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Հայաստանի Հանրապետական, «Հանրապետություն» կուսակցությունների օգտին ավելի է հաշվել համապատասխանաբար 15, 20 եւ 1 ձայն, ինչն առաջացրել է նշված երեք կուսակցություններին կողմ քվեարկած ձայների՝ իրականությանը չհամապատասխանող ավելացում: Այնուհետեւ, համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքներն ամփոփելիս, դիտավորությամբ ձայներն ակնհայտ սխալ է հաշվել՝ օգտվելով այն հանգամանքից, որ հանձնաժողովի անդամները եղել են հոգնած եւ իրեն վստահել են»:

Ըստ հաղորդագրության, նախաքննության ընթացքում Ջիվան Սարգսյանը խոստովանել է կատարած արարքը եւ նշել, որ ամփոփիչ արձանագրությունը կազմելիս կեղծ թվեր է թելադրել:

Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով` քվեարկության արդյունքները կեղծելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG