Մատչելիության հղումներ

Շրջանավարտները հանձնեցին հայոց լեզվի եւ գրականության միասնական քննություն


Ուրբաթ օրը Հայաստանի միջնակարգ դպրոցների 15 հազար շրջանավարտներ հանձնեցին հայոց լեզվի եւ գրականության միասնական քննությունը:

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը եւ կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եղան Երեւանի պետական համալսարանում, որտեղ քննությունը հանձնում էին շուրջ 300 շրջանավարտներ, եւ Էրեբունի համայնքի թիվ 35 դպրոցում:

Սերժ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ նայել է քննական հարցերը եւ հույս հայտնեց, որ 99 տոկոսը դրական գնահատական կստանան:

«Կարծում եմ, արդյունքների մասին խոսելը դեռեւս վաղ է, որովհետեւ 5-10 րոպեի ընթացքում դժվար է թերություններ գտնել, կամ էլ ասել, որ շատ հաջող է կազմակերպված», - ասաց վարչապետը` հավելելով. - «Եթե շրջանավարտը նույնիսկ մակերեսային պատկերացումներ ունի, ուրեմն հաջողություն է ունենալու»:

Քննություն հանձնող շրջանավարտների ծնողները բողոքեցին, որ տեղադրված մոնիտորների վրա պատկերը շատ աղոտ է, ինչին նախարար Լեւոն Մկրտչյանը հակադարձեց. - «Ծնողները ուզում են իրենց երեխաներին տեսնեն, բայց իրենք պետք է հետեւեն, որ շարքերի մեջ մարդ չլինի»:

Իրենք շրջանավարտները գոհ էին քննությունից: Քննությունն անցել է հանգիստ, խաղաղ պայմաններում:

«Լռությունը լիովին պահպանվել է: Ոչ ոք ոչ մեկի գրեթե չի օգնել», - ասաց շրջանավարտներից մեկը:

«Հեշտ չէր, բայց լավ սովորողը կգրեր», - հավելեց մեկ այլ շրջանավարտ:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG