Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Գյումրիի քաղաքապետը ոչ ավել, ոչ պակաս ... պատարագ է մատուցում», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը: «Այն, որ այսօր շատերն են փորձում սեփական PR-ը կառուցել բարեպաշտական ատրիբուտների վրա, կարծես նորություն չէ: Բայց որ սեփական հավատքը ի ցույց դնելուց զատ կարելի է նաեւ քահանայի սքեմ հագնել, այ, սա զարմանալի նորություն է», - շեշտում է թերթը: - «Բացենք հանրագիտարանը. «Պատարագ» անվան տակ կարդում ենք` «քրիստոնեական գլխավոր աստվածապաշտական արարողություն»: Իսկ պատարագ մատուցողը քահանան է, այսինքն` քահանայական ձեռնադրություն ունեցող հոգեւորականը: Պարոն Ղուկասյանի կենսագրության մեջ այս մասին, կարծես, ոչ մի խոսք չկա»:

Փորձելով կանխատեսել Սահմանադրական դատարանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ելքը` «Իսկական Իրավունք» թերթի խմբագրականը առանձնացրել է. - «Հետաքրքրականն այն է, որ դիմողները առանձնապես աշխատանք չեն էլ տարել ծանրակշիռ փաստեր ներկայացնելու համար. անգամ նրանք հրաժարվել են 85 հազար կեղծված քվեների առկայությունը ապացուցելու ռեալ հնարավորությունից։ Այսինքն՝ այդ ամբողջ վիճարկման արդյունքը խոշոր հաշվով վերջանալու է ոչ մի բանով, իսկ ավելի ստույգ՝ օգուտ է բերելու իշխանություններին, քանզի վերջիններս կարողանալու են պնդել, որ ընտրությունները առավել քան մաքուր են, եւ նրանք քննարկել են անխտիր բոլոր բողոքները։ Ստացվում է, որ, կամա թե ակամա, ընդդիմադիրներն իրենց ամբիցիաներով այդքան քվեներ «նվիրելով» ՀՀԿ-ին՝ այժմ էլ հանրապետականների ամբողջատիրությունն օժտելու են լրացուցիչ լեգիտիմությամբ»։

«Սահմանադրական մազոխիզմ» որակելով ընդդիմադիր ուժերի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկումը Սահմանադրական դատարանում` «Չորրորդ իշխանություն» թերթը նկատել է. - «Փաստն այն է, որ ընդդիմությունը պարտվել է։ Ընդ որում, պարտվել է ոչ թե այն պատճառով, որ իշխանությունները կեղծել են ընտրությունները, այլ որովհետեւ իրենք չեն կարողացել կանխել այդ կեղծիքները։ Չեն կարողացել կանխել, որովհետեւ միասնական չեն եղել, ու ամեն մեկն իր էշն է առաջ քշել։ Իսկ հիմա միասնաբար նվնվալն անիմաստ է. կռվից հետո բռունցքներ չեն ճոճում։ Նույնիսկ միասնաբար»։

Կառավարության մաս կազմելուց Դաշնակցության հրաժարման դեպքում քաղաքական դաշտի հնարավոր զարգացումները ուրվագծելով` «Իրավունք» թերթի խմբագրականը բնորոշել է. - «ՀՀԿ-ն այլեւս իշխանական քաղաքական կուսակցություն չէ, որքան իշխանության եւ տնտեսության մեջ համապատասխան դիրքեր ունեցող մարդկանց կորպորացիա։ ԲՀԿ-ն առհասարակ մեկ խոշոր օլիգարխի կողմից գործող նախագահի աջակցությամբ հիմնադրված կառույց է, որ նույնիսկ չունի քաղաքական կուսակցության անհրաժեշտ հատկանիշներ»։ «Արդյունքում ստացվում է, որ մի կողմում՝ իշխանության թեւում, հայտնվում է ամբողջ օլիգարխիան, իսկ ընդդիմության մեջ՝ կառավարման այդ ձեւին հակադրվող քաղաքական ուժերը», - ընդգծել է գլխավոր խմբագիրն ու հավելել. - «Սա էապես մեծացնելու է նախագահական ընտրապայքարում ընդդիմադիր թեկնածուների հնարավորությունները եւ այն բանի հավանականությունը, որ ընտրությունները մեկ փուլով ավարտել չի հաջողվի»։

«Ժամանակ-Երեւան» թերթի պատկերմամբ` «Դաշնակցությունը կանգնած է չափազանց լուրջ երկընտրանքի առաջ. կամ կորցնել սեփական դեմքը, կամ նախարարական պորտֆելները, այսինքն՝ հսկայական փող աշխատելու հնարավորությունները»։ «Պորտֆելներ վերցնելու հարցը Դաշնակցության ներսում գրեթե պառակտում է առաջացրել», - գրել է թերթն ու մանրամասնել. - «Դաշնակցականների, այսպես ասած, հրանտմարգարյանական թեւը պնդում է, որ հարկավոր է չընդունել իշխանություների «թուլաբաժին» առաջարկը եւ պատվով ընդդիմադիր դառնալ, իսկ մի մասն էլ՝ վահանհովհաննիսյանական թեւը, հակված է կարծել, որ պետք է կիսել պատասխանտվությունը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»։

Առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների հավակնություններին անդրադառնալով` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը ընդգծել է. - «Եթե մի պահ մոռանանք կամ մի կողմ դնենք իշխանության թեկնածուին հակադրվելու ցանկությունը եւ փորձենք պարզել, թե ուրիշ ի՞նչ են ուզում այս հապշտապ ինքնառաջադրումով զբաղվողները, ապա կհայտնվենք կատարյալ անորոշության առջեւ։ Ավելին՝ ստացվում է, որ ընդդիմության առաջնորդները նախագահական ընտրարշավը սկսում են իշխանության թեկնածուի օգտին տարվող քարոզչությամբ, քանզի սեփական թեկնածություններն առաջադրողներից յուրաքանչյուրն իր իսկ հոժար կամքով հայտնվում է իշխանության թեկնածուից մի աստիճան ցածր՝ հավակնորդի հարթության վրա»: «Ուրեմն՝ կա՛մ ասպարեզ նետվող հավակնորդներն այնքան պարզամիտ են, որ իրենց պահում են սկսնակ բռնցքամարտիկների պես, կա՛մ էլ ուղղակի «բախտ են փորձում», որովհետեւ նախագահականի մակարդակի «մրցումներում» երկրորդ տեղ գրավելն էլ վատ արդյունք չէ», - բխեցրել է մեկնաբանը։

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, «մոլորություն» համարելով Հայաստանի հաջորդ նախագահի աթոռի հավակնություն ունեցող ընդդիմադիր գործիչների պնդումները, թե առայժմ «պետք չէ համախմբվել, եւ միասնական թեկնածուն հանդես կգա ընտրությունների երկրոորդ փուլի ժամանակ», շեշտադրել է. - «Նախ՝ պարզ չէ, կլինի՞ երկրորդ փուլ, թե՞ չէ: Եվ ապա՝ մինչեւ երկրորդ փուլը մի քանի ամիս ընտրարշավ է լինելու, եւ բացառված է, որ այդ 10 հոգին այդ ամիսների ընթացքում իրար հետ չվիճեն: Ճիշտն ասած, ես լավ կարծիքի եմ նախագահի ընդդիմադիր թեկնածուների մտավոր ունակությունների մասին եւ չեմ կարծում, որ նրանցից որեւէ մեկը այսքանը չի հասկանում: Բայց եթե հասկանում են եւ հետեւություններ չեն անում, ուրեմն՝ երեքից մեկն է. կա՛մ իսկապես «ական» են, կա՛մ ինքնասիրահարվածությունը մթագնել է նրանց ուղեղը, կա՛մ էլ առաջադրվում են ոչ թե նախագահ դառնալու, այլ պարզապես «ջրի երեսին» մնալու համար»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG