Մատչելիության հղումներ

Մեկ տարի առաջ` 2006 թվականի մայիսի 25-ին Մոսկվա - Պուշկինո գնացքում, Կլյազմա կայարանի մոտակայքում սպանված 19-ամյա Արթուր Սարդարյանի ծնողները «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում երեկ ասել են, որ վախենում են իրենց 21-ամյա ավագ որդու համար:

«Իմ 21 տարեկան, կովկասցու արտաքինով որդու համար վախենում եմ», - ասաց Իրինա Սարդարյանը: - «Նա ամեն օր նույն գնացքով առավոտյան Մոսկվա է գնում եւ ավտոբուսով վերադառնում»:

Անցած տարի Արթուր Սարդարյանին սպանած երկու սափրագլուխ դեռահասները հետեւից անսպասելիորեն հարձակվել էին նրա վրա եւ «Կեցցե Ռուսաստանը» գոչելով` դանակով վեց հարված հասցրել սրտի եւ պարանոցի շրջանում: Թեեւ հարձակվողները երկուսն էին, սակայն Մոսկվայի մարզի տրանսպորտային դատախազությունը մեղադրանք էր ներկայացրել միայն մեկին` Ռոման Պոլուսնյակին:

Մոսկվայի մարզային դատարանը մայիսի 29-ին արդարացրել է Արթուր Սարդարյանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա մոսկվացի Ռոման Պոլուսնյակին:

12 ատենակալներից 10-ը Պոլուսնյակին անմեղ են ճանաչել, չնայած դատարանում ցուցմունք տված երկու վկաներ, որոնք եղել են սպանության վայրում` գնացքում, ճանաչել են նրան:

Դատարան ներկայացած վկաներից «Բլագովեստ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Գրիգորի Միխնով-Վոյտենկոն «Ազատություն» ռադիոկայանին երեկ ասաց, որ համոզված է, որ հենց Ռոման Պոլուսնյակն է վեց հասցրած հասցրել Արթուրին:

Սարդարյանները Մոսկվայի մարզի Պուշկինո քաղաքում ապրում են 1990-ականների սկզբից. նրանք Մոսկվա էին մեկնել Բաքվի հայտնի դեպքերից հետո` որոշ ժամանակ Երեւանում ապրելուց հետո: Ընտանիքի բոլոր անդամները` Էդիկը, Իրինան եւ նրանց միակ կենդանի մնացած որդին՝ Ալեքսանդրը, Ռուսաստանի քաղաքացիներ են: Ռուսաստանի քաղաքացի էր նաեւ Արթուր Սարդարյանը:

«Ես չեմ կարողանում ապրել... Դատարկություն է հոգումս եւ սրտումս», - ասաց Էդուարդ Սարդարյանը:

Արթուրի ծնողներն ասացին, որ իրենք ի վիճակի չէին փաստաբան վարձել, քանի որ դրա համար միջոցներ չունեին, իսկ Մոսկվայի հայկական կազմակերպությունները նրանց չեն օգնել:

Էդուարդ Սարդարյանը հաշմանդամ է, իսկ Իրինա Սարդարյանը վաճառող է աշխատում Մոսկվայի տոնավաճառներից մեկում:

«Արթուրը երկու տարեկան էր, իսկ Ալեքսանդրը` չորս, երբ մենք նրանց Մոսկվա ենք բերել... Բաքվից փրկել ենք մեր երեխաներին, որ այստեղ Մոսկվայում կորցնենք» - ասաց Իրինան` հավելելով, որ այլեւս չեն ուզում ապրել Մոսկվայում:

Հարցին, թե չե՞ն մտածում արդյոք Հայաստան տեղափոխվելու մասին, Էդուարդ Սարդարյանը պատասխանեց. - «Ես հաճույքով կգնայի, բայց Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ աշխատանք չկա»:


Ազա Բաբայան, Մոսկվա

(լուսանկարում` Արթուր Սարդարյան)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG