Մատչելիության հղումներ

Մոլորակի «ամենախաղաղասեր» երկիրը Նորվեգիան է


«Էկոնոմիստ» հանդեսի վերլուծական կենտրոնը (The Economist Intelligence Unit) հրապարակել է «Երկրների խաղաղասիրության եւ անդորրի վարկանիշը» (Global Peace Index): Վերլուծության մեջ ընդգրկված է 121 պետություն:

Ուսումնասիրության հիմքում դրված 24 չափորոշիչներից հիմնականը «բռնության բացակայությունն» է, ընդ որում` ոչ միայն «արտաքին», այլեւ «ներքին»: «Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները հաշվի են առել տվյալ երկրի ռազմական ծախսերը, զինուժի թիվը, կազմակերպված հանցավորության ցուցանիշը, ոստիկանների թիվը բնակչության ընդհանուր թվի համեմատությամբ, երկրում սպանված օտարերկրացիների թիվը, բնակչության կրթության մակարդակը, կոռուպցիայի աստիճանը, դեմոկրատական սկզբունքների կիրառումը քաղաքական ասպարեզում:

Այդ չափորոշիչների հետազոտության արդյունքում աշխարհի ամենախաղաղասեր երկրների տասնյակը գլխավորել է Նորվեգիան: Տասնյակում են Նոր Զելանդիան, Դանիան, Իռլանդիան, Ճապոնիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Կանադան, Պորտուգալիան եւ Ավստրիան:

Ռուսաստանը վերջին տասնյակում է, որտեղ ընդգրկված են «առավել ագրեսիվ» երկրները: Ռուսաստանի «հարեւաններն» են Սուդանը, Իսրայելը, Նիգերիան, Կոլումբիան, Պակիստանը, Լիբանանը, Փղոսկրի Ափը եւ Անգոլան, իսկ 121 երկրների ցանկում ամենավերջին տեղում Իրաքն է:

«Այս վարկանիշը զգաստացնող ահազանգ է աշխարհի լիդերների համար», - ասել է Global Peace Index-ի փորձագետների խմբի ղեկավար Սթիվ Քելլելը:

«Կոմերսանտ» պարբերականի փոխանցմամբ, ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերը եւ աշխարհի բուդդայականների առաջնորդ Դալայ Լամա 14-րդը կարծիք են հայտնել, որ «վարկանիշը կարող է օգտակար լինել քաղաքական գործիչների համար»:

Թուրքիան այս ցանկում 92-րդ տեղում է, Իրանը՝ 97, Ադրբեջանը՝ 102: Վրաստանը եւ Հայաստանը «Էկոնոմիստ» հանդեսի վերլուծական կենտրոնի կազմած այս տարվա ցուցակում ընդհանրապես ընդգրկված չեն:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG