Մատչելիության հղումներ

Վարդան Մկրտչյանը ՀԺԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել


Անցած խորհրդարանական ընտրություններում 5 տոկոսի շեմը չհաղթահարած Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) հիմնադիր անդամներից Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավար, կուսակցության վարչության քարտուղար Վարդան Մկրտչյանը ՀԺԿ-ի ղեկավար Ստեփան Դեմիրճյանին կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:

«Արդարություն» խմբակցության պատգամավոր Մկրտչյանը դիմումը ներկայացրել է դեռեւս մայիսի 25-ին:

Վարդան Մկրտչյանը վերջին երկու գումարման խորհրդարանների անդամ էր ընտրվել է ՀԺԿ-ի համամասնական ցուցակով:

Մայիսի 12-ի ընտրություններում Մկրտչյանը առաջադրված էր ինչպես մեծամասնական ընտրակարգով` Շենգավիթում, այնպես էլ համամասնականով. ՀԺԿ-ի ցուցակում զբաղեցնում էր 9-րդ հորիզոնականը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վարդան Մկրտչյանը ասաց, որ որեւէ այլ քաղաքական ուժի անդամակցելու մտադրություն չունի. - «Իմ հետագա գործունեության մեջ կուսակցական աշխատանք չեմ տեսնում արդեն»:

«Ես ինքս ինժեներ-մեխանիկ եմ», - շարունակեց նա: - «Հիմա փնտրում եմ աշխատանք, որ կարողանամ աշխատել, իմ ունակությունները օգտագործել»:

Նա չհամաձայնեց դիտարկմանը, թե կուսակցությունից դուրս գալու դիմումը պայմանավորված է ՀԺԿ-ի խորհրդարան չանցնելով եւ իր պատգամավոր չընտրվելով. - «Ես չէի ասի: Մարդը չի ծնվում պատգամավոր: Ես 8 տարի եղել եմ պատգամավոր, 8 տարի եղել եմ կուսակցական եւ իմ գործունեությունս կատարել եմ լիարժեք»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG