Մատչելիության հղումներ

Մայիսի 31-ը ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրն է


Չծխելու համաշխարհային օրը 1987 թվականին սահմանել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը` փորձելով մարդկության ուշադրությունը հրավիրել ծխախոտամոլության համաճարակի վտանգի վրա: Բժիշկների վկայությամբ, ծխախոտը մահացու հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներից է:

Ըստ վիճակագիրների, ամբողջ աշխարհում տասը մահվան դեպքերից մեկը կապված է ծխախոտ օգտագործելու հետ: Ամեն տարի աշխարհում ծխելու հետեւանքով մահանում է 5 միլիոն մարդ: Մասնագետներն ահազանգում են, որ եթե իրավիճակը չփոխվի, 2020 թվականից սկսած այդ տխուր ցուցանիշը կաճի երկու անգամ:

Եվրոպական միության մասնագետների տվյալներով, հին աշխարհամասում ծխելու հետեւանքով տարեկան մահանում է միջինը 650 հազար մարդ: 80 հազար մարդ մահանում է «պասիվ ծխելու»` ծխողների շրջապատում գտնվելու պատճառով, ընդ որում, այդ 80 հազարից 19 հազարն ընդհանրապես չծխողներ են:

Մեծ են նաեւ ծխախոտի վրա ծախսվող գումարները: Մասնավորապես, «երրորդ աշխարհի»` չքավոր երկրների բնակիչները առանց այն էլ ցածր տարեկան եկամուտի շուրջ 10 տոկոսը ծախսում են ծխախոտի վրա: Դա նշանակում է, որ ընտանիքները ստիպված ավելի քիչ են ծախսում առողջապահության, սնունդի եւ կրթության համար:

Ըստ հայ մասնագետների, ծխախոտամոլությունը լուրջ խնդիր է Հայաստանում, որտեղ ծխում է տղամարդկանց 60 տոկոսը, մեծ է ծխող կանանց, ինչպես նաեւ դեռահասների թիվը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG