Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Նախագահական ընտրությունների թեման արծարծելով` «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը նկատել է. - «Բոլոր այն գործիչները, ովքեր մայիսի 12-ի ընտրություններից հետո 2008-ի նախագահական ընտրություններին որպես անհատ թեկնածու մասնակցելու հավակնություններ են ցուցադրում, կասկածի տեղիք են տալիս։ Նրանց հավակնություններն ինչ-որ տեղ հասկանալի կլինեին, եթե 2008-ին սպասվեին ընտրություններ, բայց 2008-ին սպասվում է Սերժ Սարգսյանի վերարտադրության միջոցառում, եւ ակնհայտ է, որ այդ ընտրություններում որեւէ անհատ թեկնածու հաղթելու հնարավորություն չունի, այնպես, ինչպես որեւէ անհատ կուսակցություն, անգամ Քոչարյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հաղթելու հնարավորություն չունեցավ մայիսի 12-ին»։ «Եվ ուրեմն», - ըստ գլխավոր խմբագրի, - «սա նշանակում է, որ մեր քաղաքական գործիչներից շատերը հայտարարում են 2008 թվականին պարտվելու իրենց անսահման ցանկության մասին։ Իրենց պարտությունը ոչինչ. փաստորեն, նրանք պատրաստակամություն են հայտնում ապահովել Սերժ Սարգսյանի հաղթանակը»։

Այսպես կոչված «քաղաքական գործազրկության» խնդրին անդրադառանալով` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր առանձնացրել է. -«Ներկայումս քաղաքական դաշտում առկա է շուրջ 70-ի հասնող կուսակցությունների եւ մի քանի հազար հասարակական կազմակերպությունների ղեկավար անդամներից ու նրանց «շրջապատից» բաղկացած գործիչների մի ահռելի բանակ, որը ընտրություններից հետո անորոշության մեջ է հայտնվել։ Նրա առավել ակտիվ ու եռանդուն ներկայացուցիչները, իրար հրմշտելով, հայտարարում են առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու եւ անգամ ընդդիմության միասնական թեկնածու դառնալու իրենց մտադրության մասին: Սակայն որքան մեծանում է ինքնակոչ «միասնական թեկնածուների» թիվը, այնքան ակնհայտ է դառնում, որ պարապ մնացած մարդիկ վարկաբեկում են նաեւ միասնական թեկնածուի գաղափարը։ Տվյալ պարագայում քանակից որակ չի ծնվում, այլ ճիշտ հակառակը՝ քանակը փակում, խցանում է որակի ձեւավորման ճանապարհներն ու հնարավորությունները»։

«168 ժամ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Նոր կառավարության կազմի ձեւավորման շուրջ բանակցությունները շարունակում են ընթանալ խստագույն գաղտնիության պայմաններում: Բայց, քանի որ խոսքն ընդամենը ժամանակավոր կառավարության մասին է, մնում է ենթադրել, որ իրականում բանակցությունների բուն թեման 2008-ի նախագահական ընտրություններն են»: «ՀՅԴ-ն կհամաձայնի՞ «նաղդ» վերցնել իշխանության մի մասը, թե՞ ռիսկի կգնա` ձգտելով 2008-ին միանգամից ամբողջը վերցնել» հարցին պատասխանելով` խմբագրականը առանձնացրել է. - «Կուսակցության ներսում «պրագմատիկների» եւ «ռոմանտիկների» պայքարը շարունակվում է։ Այս դեպքում փոխզիջումային տարբերակներ չկան՝ հնարավոր չէ միաժամանակ ե՛ւ կառավարության մաս կազմել, ե՛ւ հանդես գալ ընդդիմադիր դիրքերից»։

Պնդելով, որ խորհրդանական ընտրությունների արդյունքում «Գագիկ Ծառուկյանը հայտնվել է թակարդում»` «Հայք» թերթի գլխավոր խմբագիրը բնորոշել է. - «Լինելով իր ներկայացվածությամբ երկրորդ ուժը, ԲՀԿ-ն անգլուխ եւ անդեմ գործիք է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ձեռքերում, եթե ԲՀԿ առաջնորդը չի ստանձնում որեւէ դերակատարություն։ Ի վերջո, ոչ ոք, անգամ Ծառուկյանը չի կարող գրազ գալ, որ ԲՀԿ-ն Քոչարյանին ավելի շատ պետք է Ծառուկյանով հանդերձ, քան առանց նրա»: «Ծառուկյանն ըստ երեւույթին ժամանակ անց միայն կգիտակցի, որ քաղաքականության մեջ մխրճվելով եւ հսկայական ռեսուրսներ վատնելով՝ իրականում ոչ մի լծակ չունի, քանի որ համեստորեն չի ձգտել պաշտոնի։ Անպաշտոն ու անլծակ «թագավոր ախպերը» ժամանակ անց կմնա նաեւ անհենարան, քանի որ իր ձեռքով բարգավաճեցրածների վրա հույս դնելը նույնն է, թե խեղդվելիս կառչես փրփուրներից։ Եվ երբ Գագիկ Ծառուկյանը ուշքի գա՝ համոզվելով, որ հողը փախչում է իր ոտքերի տակից, կարող է ուշ լինել», - կանխատեսել-ամփոփել է խմբագիրը։

Ազգային ժողովի պատգամավորներից մեկը «Ժամանակ-Երեւան» թերթին փոխնացել է, թե «թիվ 30 ընտրատարածքում երկրորդ անգամ մեծամասնական կարգով պատգամավոր ընտրված Վիկտոր Դալլաքյանն իր հաղթանակի համար պարտական է ոչ թե Վանաձորի ժողովրդին, ինչպես ինքն է պնդում, այլ Սերժ Սարգսյանի աջ թեւ Կարեն Կարապետյանին, որը հոգացել է Դալլաքյանի նախընտրական ծախսերը»։ Թերթը մանրամասնել է. - «Ընտրություններից առաջ երբեմնի մոտ ընկերներ Կարեն Կարապետյանի եւ Վահրամ Բադասարյանի՝ Դալլաքյանի մրցակցի, հարաբերություններն այն աստիճան են սրվել, որ Կարապետյանը որոշել է, ի հեճուկս Բաղդասարյանի, աջակցել Դալլաքյանին՝ մտնելու Ազգային ժողով»։ «Դրան նպաստել է Սերժ Սարգսյանի «դաբրոն», - գրել է թերթն ու հավելել. - «Պատճառն անշուշտ այն չի եղել, որ Դալլաքյանը Սերժի աչքի լույսն է, այլ այն, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել. առաջիկա նախագական ընտրությունների ժամանակ Դալլաքյանը Կարապետյանի լավությունը փոխհատուցելու է Սերժ Սարգսյանի օգտին աշխատելով»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG