Մատչելիության հղումներ

Կանադացիները եւ իռլանդացիները նավթ եւ գազ են որոնելու Վայոց Ձորում, Սյունիքում եւ Գեղարքունիքում


Հայաստանի Էներգետիկայի նախարարության ընդերքի վառելիքաէներգետիկ ռեսուրսների բաժնի պետ Գարիկ Բաբուրյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ կանադական Vangold Resources Limited եւ իռլանդական Blackstairs Energy ընկերությունները Հայաստանի տարածքում նավթի եւ գազի որոնման աշխատանքներ են կատարելու:

Պաշտոնյայի փոխանցմամբ՝ շուրջ 10 օր առաջ Vangold Resources-ը 50 տոկոսի մասնաբաժնով միացել է Հայաստանի էներգետիկայի նախարարության եւ Blackstairs Energy-ի միջեւ ստորագրված` արտադրանքը համատեղ տնօրինելու մասին պայմանագրին:

Գարիկ Բաբուրյանը տեղեկացրել է նաեւ, որ մինչեւ այժմ Հայաստանի տարածքը բաժանված է եղել 6 տեղամասերի, որոնք արտոնագրված են նավթի եւ գազի պաշարների հետախուզման համար:

«Նրանք պարտավորվել են նավթագազահետախուզման աշխատանքներ իրականացնել Գեղարքունիքում, Վայոց Ձորում եւ Սյունիքում: Առաջին 5 տարիներին տարվելու են երկրաբանական, երկրաֆիզիկական աշխատանքներ, որից հետո կորոշեն, թե որտեղ պետք է հորատանցք բացել: Աշխատանքները տարվելու են բոլոր երեք տեղամասերում զուգահեռաբար»,֊ - ասաց Գարիկ Բաբուրյանը:

Նրա վկայությամբ՝ հայկական կողմից ոչ մի ֆինանսական պարտավորություն չկա: «Եթե նրանք չգտնեն, ասելու են «ցտեսություն» ու գնալու են»,֊ - եզրափակեց Գարիկ Բաբուրյանը:

Նա փոխանցեց նաեւ, որ Երեւանում գրասենյակ բացելու նպատակով արտասահմանյան երկու ընկերությունների ներկայացուցիչները այժմ մեկնել են իրենց երկրներ՝ համապատասխան փաստաթղթեր պատրաստելու համար:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG