Մատչելիության հղումներ

Հետախուզում է հայտարարվել Գյումրիի քաղաքապետի եղբորորդու նկատմամբ


Շիրակի մարզի դատախազությունը երեկ որոշում է կայացրել մայիսի 20-ին Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավել Գյումրիի ավագանու անդամ Կոլյա Ղուկասյանին, ով քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին է: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը եւ հայտարարվել է հետախուզում:

Համաձայն Հայաստանի գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության, նախաքննությամբ պարզվել է, որ Կոլյա Ղուկասյանը մասնակցել է մայիսի 20-ի փոխհրաձգությանը. ն գտնվել է «Համմեր H-2» մակնիշի 44 ՏՏ 440 պետհամարանիշի ավտոմեքենայի մեջ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի հետ միասին:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Կոլյա Ղուկասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Ավելի վաղ որպես մեղադրյալ ներգրավվել էին նաեւ Սպարտակ Ղուկասյանը, Տելման Կարապետյանը եւ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ, թիվ 34 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատասխանատու Արտաշես Սարգսյանի որդին` Ռուստամ Սարգսյանը, որոնց նկատմամբ եւս որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը եւ հայտարարվել է հետախուզում:

Միջոցներ են ձեռնարկվում հանցագործությանը մասնակից մյուս անձանց ինքնությունը բացահայտելու, հետախուզվող անձանց եւ փոխրաձգության ժամանակ օգտագործված հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG