Մատչելիության հղումներ

Կոսովոն պատրաստվում է պետական խորհրդանիշներ ունենալ


Կոսովոյի ալբանացի առաջնորդները պետական խորհրդանիշներ ունենալու մասին որոշում են ընդունել եւ երեքշաբթի օրը հայտարարել են Կոսովոյի հանրապետության դրոշի եւ պետական այլ խորհրդանիշների համար անցկացվելիք մրցույթի մասին: Մրցույթը պաշտոնապես կհայտարարի խորհրդարանը հունիսի 4-ին, իսկ արդյունքները կամփոփվեն երկու շաբաթից:

Պատրաստվելու են նաեւ նոր անձնագրեր: Կոսովոյի քաղաքական առաջնորդներից Վետոն Սուրոյը լրագրողներին ասել է, թե իրենք համաձայնության են եկել, որ ճամփորդական փաստաթղթերը կրեն «Կոսովոյի Հանրապետություն» մակագրությունը եւ առայժմ լինեն առանց զինանշանի, որը կավելացվի ավելի ուշ:

Նույն օրը Իտալիայի վարչապետ Ռոմանո Պրոդիի հետ հանդիպումից հետո Սերբիայի նախագահ Բորիս Թաջիչը հայտարարել է, թե Սերբիան անընդունելի է համարում Կոսովոյի անկախության հարցով քննարկումները:

Կոսովոյի շուրջ 2 միլիոնանոց բնակչության 90 տոկոսը ալբանացիներ են: Նրանք հույս ունեն, որ կհռչակվի Կոսովոյի անկախությունը: Սակայն նրանց արեւմտյան պաշտպաններին հակադրվում է Սերբիայի դաշնակից Ռուսաստանը, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունի:

Կոսովոյի ալբանացիները ունեն ՄԱԿ-ի առաքելության կողմից տրված անձնագրեր, շատերը նաեւ նախկին Հարավսլավիայի անձնագրեր ունեն:

1999 թվականից Կոսովոն որպես պետական խորհրդանիշ ընդունել էր Ալբանիայի սեւ-կարմիր դրոշը, որի վրա երկգլխանի արծիվ է պատկերված: Սակայն ՄԱԿ-ի բանագնաց, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի առաջարկած ծրագրի համաձայն, Կոսովոն նոր խորհրդանիշներ է ունենալու, որոնք պետք է արտացոլեն այդ երկրամասի բազմազգ լինելը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG