Մատչելիության հղումներ

Լարիսա Փարեմուզյանի բնակարանի դռան հրկիզման փաստով քրեական գործ է հարուցվել


Հայաստանի ժողովրդական կուսակցության Ալավերդու տարածքային կազմակերպության քարտուղար Լարիսա Փարեմուզյանի բնակարանի դռան հրկիզման փաստով քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն:

Համաձայն Ոստիկանության օպերատիվ ամփոփագրի, գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` «գույքը դիտավորությամբ ոչնչացնելը հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակներով»: Հոդվածը նախատեսվում է 2-ից մինչեւ 6 տարվա ազատազրկում:

Հանցագործի անձը դեռեւս ճշտված չէ:

Լարիսա Փարեմուզյանը համոզված է, որ կատարվածը ոչ թե իր գույքի, այլ իր անձի դեմ է ուղղված: Նա մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու էր թիվ 31 ընտրատարածքում, վիճարկել էր մայիսի 12-ի քվեարկության արդյունքները` անցած շաբաթ դիմելով Լոռու մարզի դատախազություն, ինչի կապակցությամբ երկու օր առաջ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վռամ Վանյանի հետ հրավիրվել էր դատախազություն:

«Ես իմ ցուցմունքում գրել եմ, որ կասկածում եմ, որ սա Վռամ Վանյանի եւ իմ մրցակից Կարեն Սարիբեկյանի կազմակերպածն է», - երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Լարիսա Փարեմուզյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG