Մատչելիության հղումներ

Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրներով 44-օրյա ճամփորդությունից հետո 12 բեռնատարների շարասյունը երեկ ավարտել է իր պտույտը Սեւ ծովի շուրջը` հանգրվանելով Ստամբուլի «Դոլմաբահչե» պալատի մոտ:

Ավտոշարասյունը ճանապարհ էր ընկել ապրիլի 19-ին Բելգրադից, որտեղ Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրները Սեւ ծովի շուրջը ավտոմայրուղի կառուցելու մասին փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել:

Ավտոշարասյունը 7,5 հազար կիլոմետր ճանապարհ է կտրել` անցնելով կազմակերպության անդամ բոլոր 12 երկրների տարածքով:

Այդուհանդերձ, ինչպես վկայում է «Թրքիշ դեյլի նյուս»-ը, շարասյունը չի հատել հայ - թուրքական սահմանը, այլ Թուրքիա է մտել Վրաստանով` «դրանով իսկ ցույց տալով, որ քաղաքականությունը շարունակում է ստվերել տնտեսական հարաբերությունները»:

Ճամփորդությանը մասնակցած հայ վարորդ Վյաչեսլավ Մելքոնյանը ափսոսանք է հայտնել հայ - թուրքական սահմանի փակ մնալու կապակցությամբ: Նա նշել է, որ բարեկամություն է հաստատել Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ բոլոր երկրները ներկայացնող վարորդների հետ:

Ավտոշարասյան ճամփորդության արդյունքները ներկայացվելու են կազմակերպության ստամբուլյան գագաթնաժողովին, որը աշխատանքներն է սկսելու հունիսի 25-ին, իսկ ավելի ուշ` նաեւ անդամ երկրների տրանսպորտի նախարարներին:

Սեւ ծովի շուրջը կառուցվելիք ավտոմայրուղու նախագծային աշխատանքները ակնկալվում է սկսել հուլիսի 2-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG