Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Նախագահների հանդիպման նախաշեմին միշտ էլ ակնկալիքներ են լինում»


«Նախագահների հանդիպման նախաշեմին միշտ էլ, իհարկե, ակնկալիքներ են լինում, որովհետեւ վերջնական որոշումները այնտեղ են կայացվում», - ասաց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի` հունիսի 9-ին սպասվող հանդիպման վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին:

Արտգործնախարարի կարծիքով, Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականությունը բավական բարձր է, թեեւ այդ հարցը «վերջնականապես կճշտվի համանախագահների հաջորդ այցելության ընթացքում»:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի եւ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի` անցած շաբաթ տարածաշրջան կատարած այցի ժամանակ թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի նախագահները Սանկտ Պետերբուրգում հանդիպելու համաձայնություն են տվել: Այդուհանդերձ, մինչ այդ հանդիպումը սպասվում է համանախագահների եւս մեկ այց տարածաշրջան:

«Դժվար է ասել` ինչ արդյունք կտա [Քոչարյան - Ալիեւ հանդիպումը], բայց պետք է հուսալ, որ հանդիպման արդյունքում կկարողանանք ասել, որ լրացուցիչ առաջընթաց է եղել», - ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ի պատասխան այն հարցի, թե արդյոք առաջընթաց ասելով նկատի ունի արդեն ստորագրվելիք փաստաթո՞ւղթ, Օսկանյանը շեշտեց. - «Ոչ, լրացուցիչ [առաջընթաց]` դիրքորոշումների ավելի մոտեցում եւ այլն: Ստորագրման մասին դեռ վաղ է խոսելը»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG