Մատչելիության հղումներ

Էդուարդը հայերեն մի քիչ հասկանում է, սակայն հրաժարվում է խոսել, ասում է, թե «կուզենար ավելի վարժ տիրապետել հայերենին»: Զրույցը ռուսերեն էր:

- Էդուարդ, դուք բնակվում եք Ալմաթիում, այդ քաղաքում եք ծնվե՞լ:
- Այո, ես ծնվել եմ Ալմաթիում, Ղազախստանի քաղաքացի եմ, ծնողներս հայեր են:
- Եղե՞լ եք Հայաստնում:
- Իհարկե, բազմիցս եմ եղել, ապրել եմ այնտեղ եւ նույնիսկ սովորել եմ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի առաջին կուրսում:
- Ե՞րբ եք վերջին անգամ եղել Հայաստանում:
- 1988-ին:
- Էդուարդ, բիթլոմանների աշխարհում հիմա պնդում են, թե ձեր ստեղծած արձանն, իբր, առաջինն ու միակն է աշխարհում:
- Չեմ փորձել պարզել, բիթլոմաններն են ասում, որ դա ամբողջ քառյակը պատկերող առաջին հասակով մեկ արձանն է, բայց չեմ կարծում, թե դա՜ է կարեւորը:
- Իսկ բիթլերի երգերը սիրո՞ւմ եք:
- Իհարկե, շատ եմ սիրում, ինձ մեծ «ֆանատ» անվանել չեմ կարող, բայց շատ եմ սիրում: Հատկապես արձանը ստեղծելու օրերին անվերջ լսում էի նրանց բոլոր հայտնի երգերը, շատ հոգեհարազատ են, ափսոս, որ տեքստերը չեմ հասկանում...
- Ինչպե՞ս ծնվեց այդ արձանը ստեղծելու գաղափարը:
- Գաղափարը վաղուց կար: Շատ երկրպագուներ են ցանկացել, որ քաղաքում լինի արձանը, ես ընթացքում եմ միացել գործին, երբ արդեն բյուրոկրատական աշխատանքը հիմնականում արվել էր: Այս ծրագրի իրականացմանն օգնել է «Սիմարփոնդ» հիմնադրամը:

«Վրեմյա» պարբերականի փոխանցմամբ, Ղազախստանի մշակույթի ներկայիս նախարար Երմուխամետ Երտիսբաեւը նույնպես աջակցել է Բիթլերի արձանն Ալմաթիում տեղադրելու գաղափարի ջատագովներին:

- Ինձ համար էլ էր զարմանալի, թե քանի-քանի մարդ է ապրում արձանը տեսնելու ցանկությամբ, քանի մարդ է ապրում այդ խմբի երգերով, ջահելներից շատերը ցանկանում էին անհատույց կերպով օգնել: Մարդիկ բերում էին սկավառակներ, լուսանկարներ:
Ալմաթիում ունենք ջահել խումբ, որը շատ է ազդվել բիթլերից, նրանց երգերում դա նկատվում է: Այդ տղաներն ինձ խորհուրդներ էին տալիս եւ նույնիսկ վերցնում էին գործիքներն ու սկսում բիթլերին նմանվել, որ կարողանամ «տեսնել», «զգալ», թե ինչպիսին էին լիվերպուլցի երաժիշտները:

- Ո՞րտեղ է գտնվում արձանը, քաղաքի կենտրոնո՞ւմ, որեւէ «հարգի» թաղամասո՞ւմ, թե՞ արվարձանում:
- Շատ հաջող է լուծվել հարցը: Արձանը տեղադրել ենք Ալմաթիի բնակիչների եւ զբոսաշրջիկների կողմից շատ սիրված մի գեղատեսիլ շրջանում, որի անուն է Կոկթյուբե, դա բարձր բլուր է, ամբողջ Ալմաթին վերեւից տեսնում ես, կարծես, ափիդ մեջ, բարեկարգ, հաճելի տեղ է:

- Հասնում եք Կոկթյուբե, տեսնում արձանի մոտ լուսանկարվող ջահելներին, զբոսաշրջիկներին, ի՞նչ եք զգում:
- Անկեղծ ասած, այդ հաճույքը դեռ չեմ ապրել: Արձանն ավարտելուց հետո անմիջապես մեկնել էի Ղրղըզստան, այնտեղ պատվեր ունեմ, պետք է աշխատեի: Երեւի պետք է հատուկ գնամ արձանի մոտ, որ հասկանամ, թե ինչ զգացումներ են լինում:

- Իսկ Բիթլերը գիտե՞ն, որ Բրիտանիայից շատ հեռու գտնվող Ղազախստան անունով մի երկրի նախկին մայրաքաղաք Ալմաթիում կա իրենց արձանը:
- Կարծում եմ, այո, որովհետեւ բրիտանացիներն էլ մասնակցություն են բերել, կապվել են բիթլերի շահերը ներկայացնող մարդկանց հետ, թույլտվություններ են խնդրել: Նույնիսկ կար Փոլ ՄքՔարթնիին բացմանը հրավիրելու առաջարկ, բայց նրա անձնական կյանքի վերջին շրջանի բարդությունները (խոսքն ամուսնալուծության մասին է) դա անհնարին էին դարձրել: Մարդիկ գիտեն արձանի մասին, ուրեմն այդ ինֆորմացիան նաեւ բիթլերին կփոխանցեն: Մոտ ապագայում ինքս ծրագրում եմ ցուցահանդեսի մասնակցել Մեծ Բրիտանիայում: Չգիտեմ, գուցե այնտեղ հաջողվի հանդիպե՞լ, թեպետեւ այդպիսի հատուկ նպատակ չկա:

- Կուզենայի՞ք Երեւանում ստեղծել Բիթլերի արձանը:
- Չէի ցանկանա, որ իմ վրա կենտրոնանար ուշադրությունը: Համոզված եմ, որ Հայաստանում կան շատ լավ քանդակագործներ, որոնք իրենց պատկերացմամբ կարող են կերտել այդպիսի արձան:
- Դուք Հայաստանում ունե՞ք ընկերներ, ազգականներ, ուզո՞ւմ եք այցելել Հայաստան:
- Այո, իհարկե, շատ եմ ուզում, շատ: Ունեմ բարեկամներ Երեւանում եւ Սեւանում: Վերջերս զրուցել եմ Թերլեմեզյանի ուսումնարանից իմ ընկերներիս հետ, նրանք էլ ինձ հրավիրում են, անպայման կփորձեմ տեսանելի ապագայում ժամանակ գտնել եւ այցելել Հայաստան եւ համոզված եմ, որ այդ ուղեւորությունն ինձ շատ բան կտա:


Բիձա Ռոքեր, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG