Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը Հայաստանի գլխավոր դատախազին կոչ է արել «լիակատար հետաքննություն ապահովել» Լեւոն Գուլյանի մահվան կապակցությամբ


Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հղած բաց նամակում մտահոգություն է հայտնել Լեւոնի Գուլյանի մահվան առնչությամբ:

«Կոչ ենք անում ձեզ ապահովել լիակատար եւ անկախ հետաքննություն իրավապահ մարմնում արձանագրված մահվան կապակցությամբ, ինչպես նաեւ այն հայտարարության, համաձայն որի, Գուլյանը կարող է մահացած լինել ոստիկանության գործողությունների արդյունքում», - ասված է իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Հոլի Քարթների` Հայաստանի գլխավոր դատախազին հղած մայիսի 18-ի նամակում, որը հրապարակվել է անցած շաբաթավերջին:

Լեւոն Գուլյանը մահացել է մայիսի 12-ին ոստիկանության քրեական հետախուզության վարչության շենքում, ուր նրան հարցաքննության էին տարել իրեն պատկանող «Պանդոկ» ռեստորանի դիմաց Ստեփան Վարդանյանի սպանության կապակցությամբ:

Ականատեսները Human Rights Watch-ին տեղեկացրել են, որ Գուլյանի մարմնի վրա առկա են եղել «վերքեր եւ անթույլատրելի վերաբերմունքի այլ հետքեր»: Գուլյանին պատկանող ռեստորանի աշխատակից Հայկ Մելքումյանը, ով նույնպես հարցաքննվել է որպես վկա, իրավապաշտպան կազմակերպությանը փոխանցել է, որ ոստիկանությունում հարցաքննության ժամանակ իրեն ծեծի են ենթարկել:

«Մեզ հայտնի է, որ դատախազությունը հարուցել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Մենք ողջունում ենք այդ քայլը, սակայն գործի հանգամանքները որոշակի մտավախության հիմքեր են տալիս, որ մինչեւ այս պահը հետաքննությունը չի համապատասխանում ձերբակալվածների մահվան դեպքերի հետաքննության միջազգային ստանդարտներին, եւ որ Գուլյանի մահվան դեպքում խոսքը կարող է վերաբերել պաշտոնատար անձանց կողմից առավել ծանր հանցագործությանը», - ասված է նամակում: - «Պնդում ենք մեր կոչը` ապահովել լիակատար, անկախ եւ թափանցիկ հետաքննություն Գուլյանի մահվան հանգամանքների կապակցությամբ, որը թույլ կտա ի հայտ բերել մեղավորներին եւ նրանց պատասխանատվության ենթարկել օրենքի ամբողջ խստությամբ»:

Human Rights Watch-ը հիշեցնում է, որ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն, Հայաստանը պարտավոր է լիակատար եւ համոզիչ բացատրություն ներկայացնել ձերբակալվածների մահվան յուրաքանչյուր դեպքի կապակցությամբ` մանրակրկիտ եւ անկախ հետաքննության եւ իշխանությունների առնչության աստիճանի հստակեցման հիման վրա»:

«Նման քննություն չանցկացնելը եւ մեղավորների նկատմամբ համապատասխան քրեական հետապնդում չապահովելը Հայաստանի կողմից Եվրոպական կոնվենցիայով ամրագրված պարտավորությունների խախտում կլիներ», - ընդգծում է իրավապաշտպան կազմակերպությունը` գլխավոր դատախազին կոչ անելով նաեւ համապատասխան միջոցներ ձեռնարկել Գուլյանի հարազատների իրավունքները ապահովելու համար:

Մայիսի 23-ին Հայաստանի ոստիկանությունը հրապարակել է Լեւոն Գուլյանի մահվան հետ կապված ծառայողական քննության նախնական արդյունքները, համաձայն որոնց, մասնավորապես, մայիսի 12-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն հրավիրված Գուլյանը վարչության աշխատակիցներից մեկից «ջուր է խնդրել եւ օգտվելով նրա բացակայությունից` փորձել է փախչել սենյակի պատուհանից, վայր է ընկել եւ ստացած մարմնական վնասվածքներից մահացել»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG