Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստանում նշվում է Հանրապետության տոնը


Հայաստանում այսօր նշվում է Հանրապետության տոնը: Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը եւ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, օրհնության խոսքով է հանդես եկել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:

«1918 թվականի մայիսին մեր ժողովրդի մղած հերոսամարտերի եւ տարած հաղթանակների արդյունքում ծնունդ առավ Հայաստանի Հանրապետությունը։ Դարավոր ընդհատումից հետո վերականգնվեց հայոց անկախ պետականությունը: Չնայած իր կարճաժամկետ գոյությանը՝ այն դրեց մեր նոր պետականության իրավական, տնտեսական, գիտամշակութային զարգացման ամուր հիմքերը», - ասված է Ռոբերտ Քոչարյանի ուղերձում, որը տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից:

«Մայիսի 28-ը մեր նորագույն պատմության ամենափառավոր էջերից մեկն է, հիմքը ներկա Հայաստանի», - ընդգծում է նախագահը` մաղթելով, որ «մեր ժողովուրդը հավատարմորեն շարունակի Մայիսի 28-ին վերագտած ճանապարհը, քանզի այն խորհրդանշում է ազգային անկախության եւ ազատության հավերժական արժեքները»:

Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության խոսքում, որը տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, մասնավորապես, ասված է. - «[Այսօր] ոգեկոչում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը, որ նվիրագործված է Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում մեր ժողովրդի մղած մայիսյան հերոսամարտերի նվիրական ու պանծալի հիշատակներով: Այսօր վերստին անկախ է մեր Հայրենիքը: Մայիսյան փառապանծ հաղթանակներով փրկված հայրենի փոքրիկ հողի վրա մեր ժողովուրդն ապրում է իր ազատ նոր կյանքը, շենացնում Հայրենիքը, առ Աստված նույն հավատով եւ առ հայրենին նույն սիրով մարմնավորում միացյալ ու պայծառ ազգային մեր կյանքի իղձերն ու ձգտումները»:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցել են վարչապետ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը. - «1918 թվականի մայիսի 28-ին՝ դարերի ընդմիջումից հետո, հայոց անկախ պետականության վերականգնումն արդյունքն էր Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում տարած պատմական հաղթանակների, որոնք ձեռք բերվեցին մեր ժողովրդի ազատատենչ ոգու, բացառիկ համախմբվածության ու միասնության՝ կանոնավոր զորքերի հետ կողք-կողքի մարտնչող մեր աշխարհազորայինների, հոգեւորականության, մտավորականության, մեր ժողովրդի բոլոր խավերի համազգային սխրանքի շնորհիվ: Մայիսյան այդ հերոսամարտերի դասերը՝ ժողովրդի մեջ անմար պահելով ազատության ու անկախության գաղափարը եւ փոխանցվելով սերնդե-սերունդ, իրենց նոր դրսեւորումներն ունեցան նաեւ Արցախյան ազատամարտում»:

Վարչապետը համոզմունք է հայտնում, որ «նույնպիսի միասնականությամբ այսուհետ եւս շարունակելու ենք մեր ջանքերը ժողովրդավարական արժեքների վրա հիմնված մեր անկախ պետականութունն ամրապնդելու, տնտեսությունը զարգացնելու, մեր բոլոր ձեռքբերումները պահպանելու եւ ամրապնդելու, համաշխարհային գործընթացներում մեր պետության արժանի տեղն ու դերն ապահովելու համար»:

Խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանի ուղերձում, որը տարածել է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը, ասված է. - «89 տարի առաջ իր պատմության ամենադաժան ու կորստաբեր շրջանում մեր ժողովուրդը կարողացավ ոչ միայն դիմակայել ճակատագրական մարտահրավերներին, այլեւ իրականացնել իր դարավոր երազանքը` վերականգնել պետականությունը: 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության ծնունդը դարձավ մեր ժողովրդի ազատատենչ ոգու հաղթանակը, կենսունակության վկայությունն ու վերածննդի կարեւորագույն խթանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG